Ցանկանում եք խթանե՞լ ձեր ուղեղի աշխատանքը: Ուրեմն վայր դրեք գիրքը եւ երաժշտական գործիք վերցրեք: Վերջերս իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ երաժշտության դասերը մտավոր գործառույթների լավագույն խթանիչն են` ցանկացած տարիքի մարդկանց համար, տեղեկացնում է NewsMax Health-ը:
Հետազոտության մասնակիցների ուղեղի դիտարկման արդյունքում պարզ է դարձել, որ երաժշտական դասընթացը բարելավում է ուղեղի` կոգնիտիվ գործընթացները, ասել է, թե` ուսումն ու նոր տեղեկության պահպանումը, ճիշտ ընտրության կայացումը, պլանավորումը եւ հարմարվողականությանը միտված աշխատանքը:
«Քանի որ ուղեղի գործառնական ֆունկցիայի որակը ակադեմիական ձեռքբերումների գլխավոր նախապայմանն է համարվում, նույնիսկ ավելի, քան IQ-ն, կարծում եմ` այս հայտնագործությունը մեծ կրթական ենթատեքստ ունի», - հայտարարել է Բոստոնի Կոգնիտիվ նյարդաբանության լաբորատորիայի գիտաշխատող Նադին Գաաբը` հիասթափություն հայտնելով, որ դպրոցական ծրագրերում երաժշտական դասընթացներն աստիճանաբար զիգում են դիրքերը թեստերի պատրաստմանն ուղղված միջոցառումներին:
Հետազոտության շրջանակում Գաաբն իր գործընկերների հետ միասին համեմատական վերլուծություն է իրականացրել 9-12 տարեկան, երաժշտական կրթություն ունեցող 15 երեխաների եւ նույն տարիքի` երաժշտական ընկալումներից զուրկ 12 անչափահասների միջեւ: Ընդ որում, առաջին խմբի մասնակիցները, որոնք առնվազն երկու տարի է` որեւէ երաժշտական գործիքի են տիրապետում, մինչ այժմ էլ շարունակում են շաբաթական միջինը 3,7 ժամ համապատասխան դասընթացին հատկացնել: Նույն համեմատությունը նաեւ 15-ական չափահաս պրոֆեսիոնալ երաժիշտների եւ այլ մասնագիտության տեր մարդկանց միջեւ է իրականացվել:
Երաժիշտները եւ երաժշտական կրթություն ստացող երեխաները մի շարք կոգնիտիվ չափումներով առավել բարձր կատարողականություն են ցուցաբերել: Մասնավորապես, անչափահասները մեկ մտավոր հանձնարարությունից մյուսին անցնելու ժամանակ ուղեղի` գործառնական ֆունկցիայի հետ ասոցացվող առանձին հատվածների գերազանց աշխատանք են ցուցաբերել:
«Ստացված արդյունքները օգտակար կլինեն այն երեխաների եւ չափահասների համար, որոնք ուղեղի գործառնական ֆունկցիայի հետ կապված լուրջ խնդիրներ ունեն, ինչպես, օրինակ, ADHD (ուշադրության եւ հիպերակտիվության դեֆիցիտ) հիվանդությունն է», - նկատել է Գաաբը` հույս հայտնելով, որ հետագա ուսումնասիրությունները կարող են հուշել, որ երաժշտությունը կարող է այդ հիվանդների համար թերապեւտիկ միջամտության գործիք ծառայել:






