Հարվարդի համալսարանի Բժշկական դպրոցի գիտնականները մշակել են նոր ցավազրկող՝ ձկան թույնի հիման վրա, որից պատրաստում են ֆուգու կերակրատեսակը։ Խոսքը ձկների տեսակի մասին է, որոնք պարունակում են տետրոդոքսին ուժեղ թույնը։
Այս թույնի հիման վրա ստեղծված դեղամիջոցը փորձել են կրծողների վրա. այն հիանալի է գործել եւ առաջ չի բերել կախվածություն, ի տարբերություն օպիոիդ ցավազրկողների։
Տետրոդոքսինը ուժեղ նեյրոպարալիտիկ թույն է։ Դրա 1-2 միլիգրամը կարող է սպանել մեծահասակ մարդուն, ընդ որում՝ թունավորումն այնքան արագ է ընթանում, որ հաճախ տուժածին չեն հասցնում օգնություն ցուցաբերել. սկզբում մարդը թուլություն է զգում բերանում, հետո կաթվածահար են լինում շնչառական օրգանները, վրա է հասնում մահը։
Օրգանիզմի վրա իր ազդեցությամբ տետրոդոքսինը շատ նման է օպիոիդներին, այն փակում է իոնային խողովակները նյարդային եւ մկանային բջիջների մեմբրաններում՝ դրանով իսկ արգելելով նյարդային ազդանշանի հաղորդումը եւ առաջ բերելով մկանների կաթված։
Գիտնականները գտել են օրգանիզմում դանդաղ եւ ոչ մեծ չափաբաժնով տետրոդոքսին ներարկելու եղանակը. դրա համար նրանք տոքսինը կապել են բիոքայքայվող պոլիմերի հետ եւ հավելել ուժեղացուցիչ՝ միացություն, որը նյարդային հյուսվածքը դարձրել է ավելի թափանցող, ինչը թույլ է տվել օգտագործել ավելի քիչ քանակության տետրոդոքսին։
Բնական փոխանակային պրոցեսներն աստիճանաբար քայքայում են պոլիմերը օրգանիզմ ներարկելուց հետո։ Եվ թույնի փոքր քանակությունը ազատ է արձակվում՝ առաջ բերելով նյարդերի շրջափակում մինչեւ երեք օր ժամկետով՝ նվազագույն տեղային կամ համակարգային տոքսիկությամբ, ինչպես նաեւ առանց հյուսվածքների վնասվածքների տեսանելի նշանների։






