Զնգոցն ականջներում բավական տհաճ խնդիր է, որը դժվարությամբ է բուժվում. համարժեք բուժում որպես այդպիսին այսօր չկա։ Բայց University of Arizona-ի մասնագետները, ինչպես տեղեկացնում է Startsat60/com-ը, թվում է, գտել են այդ խնդրի լուծումը։

Նրանք ենթադրել են, որ աղմուկն ականջներում եւ լսողության կորստի մյուս շեղումները կարող են կապված լինել ուղեղի ձայնը մշակող հատվածի բորբոքման հետ։ Այդ խնդիրը հաջողվել է լուծել՝ արգելափակկելով հատուկ սպիտակուցը, որն ուժեղացնում է ուղեղի բորբոքումը։ Առայժմ դա փորձարկվել է միայն մկների վրա, բայց գիտնականները կարծում են, որ այդ մոտեցումն արդյունավետ կլինի նաեւ մարդկանց համար։

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ լսողության կորուստն առաջ է բերում ուղեղի՝ լսողության համար պատասխանատու նեյրոնային ուղու բորբոքումը։ Ամերիկացի գիտնականները վերջին հետազոտության շրջանակում ստուգել են, թե ինչպես է բորբոքումն ազդում գլխուղեղի լսողական կեղեւի վրա լսողության կորուստ ունեցող կրծողների օրինակով։ Մասնագետները փորձել են նաեւ պարզել, թե ինչ դեր է խաղում բորբոքումը ականջներում զնգոցի առաջացման վրա։

Փորձի շրջանակում մասնագետներն արգելափակել են TNF-A մոլեկուլը (ալֆա ուռուցքի նեկրոզի գործոն), որը խախտում էր լսողության ապահովման համար կարեւոր նեյրոնների փոխազդեցությունը։ Մկների մոդելի վրա դա հանգեցրել է ականջներում աղմուկի վերանալուն։

Գիտնականները կարծում են, որ մոլեկուլի արգելափակումը կարող է դառնալ նաեւ լսողության հետ կապված մի շարք այլ խնդիրների լուծման բանալին։