Երկար ժամանակ 29-ամյա Ռոուզի Քավանին տանջում էին տհաճ զգացողություններն ականջի շրջանում, բայց նա մտածում էր, որ պարզապես ականջի ինչ-որ վարակ ունի։ Երկար ժամանակ բժիշկները նույնպես հակված էին այդպես կարծելու, մինչեւ որ մի անգամ որոշեցին աղջկան ՄՌՏ-ի ուղարկել. ինչպես պարզվեց, աղջկա գլխում հսկայական ուռուցք կար՝ նարնջի չափ։

Այդ օրը բժիշկները նրան ասացին, որ չի կարողանա դուրս գալ հիվանդանոցից։ Բայց այդ օրվանից արդեն 5 տարի է անցել, եւ այսօր Ռոուզին երախտապարտ է բժիշկներին. 5 վիրահատությունից հետո նա ապաքինվել է։

Այս տարվա մարտին նրա 30-ամյա բոյֆրենդը՝ Ջասթինը, որի հետ աղջիկը մինչեւ ախտորոշումը հանդիպել էր ընդամենը 6 ամիս, Ռոուզիին խնդրել է ամուսնանալ իր հետ։ Հիմա զույգը սպասում է առաջնեկի ծնվելուն։ Իսկ Ռոուզին պնդում է, որ կյանքը լի է անակնկալներով, չէ՞ որ այն ժամանակ՝ 5 տարի առաջ, երբ լսեց իր ախտորոշումը, համոզված էր, որ դատապարտված է։ Հիմա, սակայն, կինը միանգամայն առողջ է եւ երջանիկ։

ՄՌՏ-ից մի քանի ամիս առաջ Ռոուզիի ականջներում տարօրինակ ցավ առաջացավ, իսկ մի երկու ամիս հետո այդ ցավն սկսեց լրջորեն անհանգստացնել նրան։

Ռոուզին 6 անգամ ընդհանուր պրակտիկայի բժիշկների մոտ է գնացել, բայց  նրանք բոլորն էլ ախտորոշել են լաբիրինտիտ՝ ներքին ականջի վարակ, որի դեմ հակաբիոտիկներ են նշանակել։ Միայն յոթերորդ անգամ Ռոուզիին ուղարկեցին ՄՌՏ-ի, որն արդեն ի հայտ բերեց ցավերի իրական պատճառը։

Ուռուցքը, բարեբախտաբար, բարորակ էր։ Մի քանի վիրահատություններն օգնեցին ամբողջովին հեռացնել այն, եւ պացիենտն առողջացավ։