Massachusetts Institute of Technology (MIT)-ի գիտնականները հայտնաբերել են մոլեկուլ, որը կարող է սոսնձել հակաքաղցկեղային միացությունները քաղցկեղային հյուսվածքներին: Այդ մոլեկուլը կարող է դառնալ տոքսիկության ցածր մակարդակով նոր թերապիայի հիմքը, եւ եթե այն արդյունավետ լինի, հույս կտա հարյուր հազարավոր հիվանդներին ամբողջ աշխարհում բուժվելու համար:

Խոսքը վերաբերում է սպիտակուցի մոլեկուլին, որը թույլ չի տալիս ցիտոկիններին լքել ուռոցքը դրանք ներարկելուց հետո՝ ասես սոսնձելով դրանք անոմալ հյուսվածքներին: Ցիտոկինները, ինչպես ավելի վաղ հաստատվել էր, իմունոթերապիայի հետ մեկտեղ կարող են սպանել քաղցկեղը: Սակայն խնդիրը նրանոմ է, որ նրանք վտանգավոր են նաեւ առողջ մարդկանց համար: Ուռուցքաբաններն արդեն փորձել են ուղղակի կերպով ներարկել ցիտոկինները ուռուցքի մեջ, սակայն ուռուցքները հաշված րոպեների ընթացքում ազատվում էին այդ նյութերից:

Վերջին հետազոտության շրջանակներում գիտնականները վերլուծել են նորագոյացություններում տարբեր սպիտակուցները, եւ նրանց ուշադրությունը գրավել է կոլագենը կոշտ ուռուցքներում:

Ցիտոկիններին միացրել էին սպիտակուցը (լումիկան), որն ուղղակիորեն սոսնձվում էր կոլագենին: Երկու ցիտոկին ներարկվել էր մկների ուռուցքի մեջ: Ցիտոկինների ներարկումն առանց փոփոխությունների հանգեցրել էր կրծողների մահվան: Իմունոթերապիայի հետ համադրումը փրկել էր մի քանի կենդանիների կյանքը: Սակայն երբ կիրառվել էր նաեւ լումիկան, ողջ էր մնացել մկների ավելի քան 90 տոկոսը: