51-ամյա Միլա Քլարկը ամերիկյան Ֆեյեթվիլ քաղաքից (Թենեսիի նահանգ), որը 340 կիլոգրամ քաշ ուներ, կարողացել է նիհարել գրեթե 5 անգամ։

Ինչպես պատմում է Daily Mail պարբերականը, ավելորդ քաշի խնդիրները Միլայի մոտ մանկուց են սկսվել։ Երբ նա ամուսնացել է, քաշը ավելի քան 180 կիլոգրամ է եղել, իսկ առաջնեկի ծնվելուց հետո նրա քաշը կազմել է 220 կիլոգրամ։

Հետո նա շարունակել է գիրանալ, ընդ որում՝ իրավիճակը վատթարացել է, երբ նրա ոտքի վրա  լիմֆեդեմա է առաջացել՝ հսկայական 20 կիլոգրամանոց այտուց, որը ցավ է պատճառել եւ խանգարել նրան քայլել։

Շուտով Միլան գամվել է անկողնուն։ Ավելի քան երկու տարի նա անկողնուց վեր չի կացել եւ միայն կերել ու քնել է։ Նրան խնամել են երեխաները, որոնք ամեն օր համատեղ ջանքերով լողացրել են նրան, որպեսզի վարակիչ բարդություններ չսկսվեն։ Մինչ աղջիկները լողացնում էին մորը, ավագ որդին պահում էր հսկայական լիմֆեդեման։

Այդ ընթացքում Միլայի քաշը հասել էր 340 կիլոգրամի։

Երեք տարի առաջ բարիատրիկ վիրաբուժության մասնագետ Յունան Նովզարադանը ցանկություն հայտնեց օգնել Միլային։ Նրա նիհարելու գործընթացը նկարահանել են My 600lb Life  ռիալիթի-շոուի համար TLC հեռուստաալիքում։

Սկզբում Միլան ինքնուրույն «մաշեց» 45 կիլոգրամ, ինչից հետո կարողացան վիրահատել եւ հեռացնել լիմֆեդեման։ Այդ ընթացքում նա նախկինի պես մոտ 300 կիլոգրամ էր կշռում, բայց արդեն կարողանում էր ինքնուրույն վեր կենալ մահճակալից։

Հաջորդ 3 տարիներին Միլան բերիատրիկ վիրահատության ենթարկվեց՝ մաշկի ավելցուկների հեռացում եւ ծնկահոդերի պրոթեզավորում։ Այդ ամբողջ ընթացքում նա նիհարեց 270 կիլոգրամով եւ բուժման ավարտից հետո արդեն 70 կիլոգրամ է կշռում։