Վիրուսաբանների միջազգային թիմին հաջողվել է իսկական բեկում մտցնել բժշկության ոլորտում։ Համաձայն Nature Communications ամսագրում հրապարակված հոդվածի՝ ՄԻԱՎ-ը լիովին հեռացվել է գենամոդիֆիկացված երկու մկների գենոմներից։ Փորձարկմանը ներգրավված գենամոդիֆիկացված կրծողների օրգանիզմը կարող էր արտադրել մարդկային Т-բջիջներ, որոնք ընկալունակ են ՄԻԱՎ-ի հանդեպ։
Վիրուսի դեմ պայքարում օգտագործվել է պոպուլյար գենոմային խմբագիր՝ CRISPR/Cas9, ինչպես նաեւ հակավիրուսային թերապիա։ Քամել Խալիլին (Kamel Khalili) Ֆիլադելֆիայի (ԱՄՆ) համալսարանից նշում է. ձեռք բերված հաջողությունը ճանապարհ է բացել այս տարի կապիկների եւ, գուցե, կամավորների վրա փորձեր կատարելու համար։
Փորձարկմանը մասնակցել է յոթ գենամոդիֆիկացված մուկ, դրանցից երկուսի մոտ ՄԻԱՎ-ը լիովին հեռացվել է գենոմից, մնացածների մոտ նվազել է օրգանիզմում վարակված բջիջների թիվը։ Երկրորդ փորձարկման ժամանակ վիրուսը փորձի ենթարկվող կրծողների մոտ վերացել է 50 տոկոսով, եւս երկուսի մոտ դադարել է բազմանալ եւ գրոհել իմունային բջիջները։
Իրենց հետագա փորձերում գիտնականները նախատեսում են հասնել 100 տոկոսանոց արդյունավետության։






