Էնի Լավգրոուվը անգլիական Սուֆոլք կոմսությունից բուժվում էր տոնզիլիտից, թեեւ իրականում նա հազվադեպ ապլաստիկ անեմիա ուներ, որն ախտահարում է ոսկրածուծը։
Ինչպես պատմում է Daily Mail պարբերականը, Էնին բիժշկներին դիմել է այն ժամանակ, երբ նկատել է տարօրինակ կապտուկներ մարմնին եւ խոցեր բերանում։ Բժիշկներն ախտորոշել են նշագեղձերի բորբոքում եւ դեղեր նշանակել տոնզիլիտի դեմ։
Բայց բուժումը չի օգնել։ Ավելին, Էնին ավելի է վատացել, եւ առկա ախտանշաններին ավելացել է նաեւ բարձր ջերմությունը։
Աղջկան հոսպիտալացրել են, եւ ավելի մանրամասն զննումը ցույց է տվել, որ նա ապլաստիկ անեմիա ունի՝ պոտենցիալ մահացու հիվանդություն, որն ախտահարում է ոսկրածուծը, ինչի հետեւանքով օրգանիզմը դադարում է արտադրել արյան բավական քանակությամբ բջիջներ։
Հիվանդությունը շատ վտանգավոր է, դրա համար էլ չափազանց կարեւոր է դրա ախտորոշումը եւ բուժումը կատարել ժամանակին. միայն այդ դեպքում պացիենտը առողջանալու հնարավորություն կստանա։
Էնին բուժման ընթացքում 50 արյան փոխներարկում է ստացել։ Բայց վիճակն այդպես էլ չի լավացել։ Կոնսիլիում գումարելով՝ բժիշկները եկել են եզրահանգման, որ պացիենտի ոսկրածուծը պետք է փոխպատվաստվի։ Դոնորը բավական արագ գտնվեց՝ նրա կրտսեր քույրը, պարզվեց, լիովին համատեղելի էր նրա հետ եւ կարող էր զոհել իր ոսկրածուծը։
Վիրահատությունը հաջող անցավ։ Հիմա Էնին վերականգնվում է։
Մամուլի էջերից աղջիկը կոչով դիմել է ընթերցողներին՝ երբեք չանտեսել խոցերի ու կապտուկների առանց պատճառի առաջացումը մարմնին եւ անմիջապես դիմել բժշկի։






