Մտավոր կարողությունների զարգացումը սահմաններ չի ճանաչում, հիշեցնում է Medical Daily-ն: Ոչ ոք չի կարող անգերազանցելի մտքի թռիչք կամ սրամտություն ունենալ: Այդուհանդերձ, նման կարողությունների ձեռքբերումը նաեւ մեծ ջանքեր է պահանջում: Եթե միայն այնպիսի ուտելիք լիներ, որի շնորհիվ կարողանայինք հանճար դառնալ… Պարզվում է` գիտնականները հատուկ խոհանոց են մշակել, որի բաղադրիչները կարող են մի փոքր օգտակար լինել` հանճար դառնալու ճանապարհին.
Մտավոր կարողություն
Համալսարանները միլիարդավոր դոլարներ են աշխատում` համոզելով, որ քառամյա կրթության արդյունքում խոստումնալից երիտասարդները կարող են մտավոր կարողություններով երկրագնդի մնացած բնակիչներին գերազանցել: Եթե միայն իմանային, որ հիշյալ արդյունքին կարելի է… մուգ շոկոլադի օգնությամբ հասնել: Անգլիական Northumbria համալսարանի ուսանողների շրջանում իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ կակաոյով հարուստ շեյք ընդունելուց հետո մաթեմատիկական խնդիրներն ավելի ընկալելի եւ հեշտ լուծելի են դառնում: Սակայն մուգ շոկոլադը ոչ թե ավելի խելացի է դարձնում, այլ պարզապես օգտակար է` գիտելիքների պաշարն ավելի պայծառ պահելու համար: Այն, «ֆլավոնոլ» կոչվող բաղադրիչի օգնությամբ, արագացնում է արյան շրջանառությունը եւ ուղեղին ավելի մեծ քանակությամբ արյան հոսք ապահովում, ինչն էլ իր հերթին ուղեղի ֆունկցիոնալ գործունեության ամենակարեւոր խթանիչներից մեկն է համարվում:
Զգոնություն
Զգոնության պակաս զգալիս հաճախ սուրճ եք խմում` ուշքի գալու համար: Ճիշտ է` արդյունքում իրոք հավելյալ էներգիա է ստացվում, սակայն փոփոխությունն ընդամենը կարճաժամկետ հեռանկար ունի եւ ազդեցության ավարտից հետո վատթար վիճակ ստեղծվելու վտանգ է հասունանում: Այս պարագայում E վիտամինով եւ մագնեզիումով հարուստ նուշը կարող է ավելի արդյունավետ այլընտրանք հանդիսանալ: Այն ուղեղի աշխատանքը բարձրագույն մակարդակի է բերում` առանց հետագա «կախման» վտանգի: Եթե նուշի սիրահար չեք, «հին ու բարի» պրոտեինը կարող է օգնության հասնել` ողջ օրը զգոն անցկացնելու համար, քանի որ արթուն վիճակի համար պատասխանատու բջիջների` օրեքսին նեյրոնների աշխատանքն է խթանում: Կենդանական ծագում ունեցող սննդամթերքը` ձկնեղենը, միսը, կաթնամթերքը եւ ձուն, հարուստ են պրոտեինով:
Կենտրոնացվածութուն
Կենտրոնացվածության պակաս շատերս ենք զգացել: Առավոտից նորմալ աշխատում ես, եւ հարկած թվում է` ոչ մի բանի վրա մի քանի րոպեից ավել ի վիճակի չես կենտրոնանալ: Վիճակը հաղթահարելու համար խորհուրդ ենք տալիս հաջորդ անգամ սուրճի փոխարեն հատապտուղներ փորձել: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մասնավորապես հապալասն ի վիճակի է մինչեւ 5 ժամ կենտրոնացվածության եւ հիշողության նորմալ աշխատանք ապահովել: Պատճառն այս անգամ հակաօքսիդանտներն են, որոնցով հարուստ է այդ հատապտուղը: Հզոր սնուցիչի դերակատարմամբ, դրանք մեծացնում են ուղեղին մատակարարվող արյան եւ թթվածնի ծավալները եւ ավելի «մաքուր» կենտրոնացվածություն ապահովում:
Հիշողություն
Ո՞վ չի ուզում ավելի լավ հիշողություն ունենալ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սառը ջրերում բնակվող յուղոտ ձկնատեսակները, մասնավորապես` սաղմոնը կարող են ոչ միայն հիշողությունն ամրապնդել, այլ նաեւ մտավոր դեգեներատիվ հիվանդություններից, հատկապես` ծերունական թուլամտությունից պաշտպանել, քանի որ մեծ քանակությամբ DHA ճարպաթթուներ են պարունակում: Բացի այդ, հիշողության պահպանմանը կարող է նաեւ լոլիկը նպաստել:






