Մոսկվայի պետական համալսարանի մի խումբ քիմիկոսներ մշակում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը պարզելու նոր մեթոդ։ Եթե մինչեւ հիմա անալիզի համար օգտագործվում էր միայն արյունը, ապա այժմ կարելի է արյան փոխարեն հետազոտել քրտինքը։

Շաքարային դիաբետ ունեցող պացիենտները ստիպված են օրը մի քանի անգամ ստուգել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, ինչը դժվարացնում է նրանց կյանքը եւ ստեղծում ոչ քիչ անհարմարություններ։

Նոր մշակումը թույլ է տալիս պացիենտներին հրաժարվել օրվա ընթացքում էքսպրես-անալիզից եւ կատարել քրտինքի անալիզ, որն անհամեմատ ավելի հեշտ է եւ որի համար մատը ծակելու հարկ չկա։

Գիտնականների մշակած բիոսենսորը պլատինե էլեկտրոդ է, որը մոդիֆիկացված է այդ թվում գլյուկոզոօքսիդազայի ֆերմենտով։ Նոր մեթոդը հիմնվել է այն բանի վրա, որ գլյուկոզոօքսիդազան ռեակցիայի մեջ է մտնում քրտնքի մեջ պարունակվող գլյուկոզայի հետ եւ ձեւավորում  ջրածնի պերօքսիդ։ Այս նյութի պարունակությունը թույլ է տալիս որոշել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։

«Անընդհատ քրտինքը վերլուծության ենթարկող բիոսենսորն արձագանքում է արյան մեջ շաքարի (գլյուկոզայի) պարունակության փոփոխությանն առանց ձգձգման՝ դրսեւորելով դիաբետի ոչ ինվազիվ մոնիթորինգի հնարավորություն։ Աշխատանքների շարունակումն այս ուղղությամբ, անշուշտ, կհանգեցնի հարյուրավոր մարդկանց կյանքի որակի բարելավմանը»,- ասել է հետազոտության ղեկավար Արկադի Կարյակինը։