Սթենֆորդի համալսարանի գիտնականները ռեւմատոիդ արթրիտի դեմ նոր դեղ են մշակել: Ֆիլգոտինիբ անվանված դեղամիջոցը կլինիկական փորձարկումների ժամանակ արդյունավետություն է ցուցադրել:

Ֆիլգոտինիբի կլինիկական փորձարկումների եզրափակիչ փուլն անցկացվել է աշխարհի 15 երկրում՝ 449 պացիենտների մասնակցությամբ, որոնց միջին տարիքը եղել է 56 տարեկանը: Նշվում է, որ կամավորների շուրջ 80 տոկոսը իգական սեռի ներկայացուցիչներ էին:

Փորձարկվողներին բաժանել են 3 խմբի: Առաջին խմբում ընդգրկված մասնակիցները 24 շաբաթ ընդունել են օրական 200 մգ, երկրորդ խմբում ընդգրկվածները՝ 100 մգ, իսկ երրորդ խմբում ընդգրկվածները պլացեբո են ստացել: Առաջին խմբի պացիենտների 40 տոկոսից ավելին հայտնել է հետազոտությունը սկսվելուց հետո արդեն 12 շաբաթ անց արթրիտի ակտիվության զգալի նվազման մասին, իսկ 24 շաբաթ հետո բուժման արդյունավետության ցուցանիշը հասել է գրեթե 50 տոկոսի:

Դրանից բացի, առաջին խմբից փորձարկվողների շուրջ 30 տոկոսը հաջորդ 5,5 ամսում հասել է լիակատար ռեմիսիայի:

Միաժամանակ, ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղորայքի որակի սանիտարական հսկողության վարչությունը (FDA) հանձնարարել է անցկացնել լրացուցիչ հետազոտություններ, որպեսզի բացառվի ամորձիների ֆունկցիայի վրա ֆիլգոտինիբի բացասական ազդեցության հավանականությունը: Սա կարող է փոքր-ինչ հետաձգել 2020 թվականին նախատեսված դեղամիջոցի վաճառքը:

Ֆիլգոտինիբի կլինիկական փորձարկումների արդյունքները ներկայացվել են JAMA պարբերականում: