Ճապոնիայում հավանություն են տվել մարդկանց եւ կենդանիների հիբրիդների ստեղծման փորձերի անցկացմանը: Այդ փորձերը կանցկացվեն դոնորական օրգաններ ստանալու հետազոտության շրջանակում:
Science Alert պարբերականը հայտնում է, որ գիտնականները նախատեսում են մարդու պլյուրիպոտենտ ցողունային բջիջներ (սրանք այն բջիջներն են, որոնք կարող են սաղմի զարգացման ընթացքում վերափոխվել հասուն օրգանիզմի բջիջների բոլոր տեսակներին) ներդնել առնետների եւ մկների սաղմերի մեջ, որոնք գենետիկորեն այնպես են ձեւափոխվել, որ նրանց մոտ չի զարգանում սեփական ենթաստամոքսային գեղձ:
Գիտնականները նախատեսում են 2 տարի հետազոտել մարդկային գեղձով կրծողների զարգացումը՝ հետեւելով նրանց ներքին օրգանների եւ ուղեղի վիճակին: Եթե ամեն ինչ բնականոն ընթանա, գիտնականները նախատեսում են փորձեր սկսել խոզերի վրա:
Գիտնականները նախկինում էլ են ստեղծել մարդու եւ կենդանիների հիբրիդային սաղմեր, սակայն դրանց թույլ չէին տալիս զարգանալ հասուն առանձնյակների մեջ: Գիտնականները մտավախություն ունեին, որ այսպիսի փորձերի հետեւանքով կրծողների մոտ կարող է սկսել ձեւավորվել մարդկային ուղեղ: Պայմանների համաձայն՝ եթե հետազոտողները հայտնաբերեն, որ փորձակենդանիների կենտրոնական նյարդային համակարգը 30 տոկոսով կազմված է օտար բջիջներից (տվյալ դեպքում՝ մարդկային), փորձը կդադարեցնեն:
2018 թվականին ճապոնացի գիտնականները Սթենֆորդից գործընկերների հետ համատեղ ստեղծել էին ոչխարի եւ մարդու հիբրիդային սաղմ: Այս սաղմը 28 օր էր ապրել: Նա անչափ փոքր թվով մարդկային բջիջներ էր պարունակում (կենդանու 10 հազար բջջին մարդու մոտ 1 բջիջ): Գիտնականների խոսքով՝ այս փորձը ցույց է տվել, որ կենդանու մեջ մարդու բջիջները կձեւավորեն միայն անհրաժեշտ օրգանները, ուստի կենդանու «մարդացման» խնդիրներ չպետք է առաջանան:






