Քեմբրիջի համալսարանի գիտնականներին հաջողվել է պարզել աուտիզմի առաջացման նոր պատճառ։ Համաձայն Molecular Psychiatry ամսագրում հրապարակված հոդվածի՝ այս հիվանդության առաջացման հավանականությունը մոր եւ նրա ապագա երեխայի օրգանիզմում բարձրանում է էստրոգենի եւ տեստոստերոնի ավելցուկի դեպքում։

Դեռեւս չորս տարի առաջ բրիտանացի գիտնականների խումբը պարզել էր, որ երկու սեռի աուտիստների արյան մեջ  կա մեծ քանակությամբ տեստոստերոն։ Այս անգամ ուշադրության կենտրոնում էստրոգենն էր. հետազոտության շրջանակում վերլուծվել են Դանիայի բժշկական ծառայությունների տվյալները, որոնք վերաբերել են 300 կանանց, աուտիստ տղաների եւ սովորական երեխաների։ Պարզվել է, որ տղաների եւ նրանց մայրերի օրգանիզմում էստրոգենի մոլեկուլների, ինչպես նաեւ դրանց ածանցյալների խտությունը զգալիորեն բարձրացնում է աուտիզմի առաջացման հավանականությունը։

Գիտնականները չեն բացառում, որ նման խանգարումներ առաջացնում են ոչ միայն տեստոստերոնն եւ էստրոգենը, այլեւ ստերոիդ այլ հորմոններ։

Այժմ հետազոտողները պետք է պարզեն, թե տարածվում է արդյոք այս մեխանիզմը աուտիստ կանանց վրա, եւ ինչպիսին է էստրոգենի դերը երեխայի ուղեղի ձեւավորման գործընթացում։