British Medical Journal Case Reports-ում հրապարակված զեկույցի համաձայն՝ 45-ամյա տղամարդը կոմայի մեջ հայտնվելուց հետո 2 ամիս անցկացրել է հիվանդանոցում: Պացիենտի մոտ, ում անունը չի հրապարակվում, ախտորոշվել է կոկաինի չարաշահման հետեւանքով տոքսիկ լեյկոէնցեֆալոպատիա:
Անցկացված ՄՌՏ-ն հայտնաբերել է թմրակախվածության հետեւանքով գլխուղեղի վնասվածք: Փորձագետները նշում են, որ սպիտակ նյութի վնասվածքները նման էին դեմենցիայի ժամանակ առաջացող վիճակին: Նույնիսկ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո տղամարդու մոտ գրանցվել են կոգնիտիվ ունակությունների չափավոր խանգարումներ:
Տղամարդու մտավոր գործունեությունը կանոնավորելու համար անհրաժեշտ եղավ եւս մեկ տարի: Միաժամանակ, նույնիսկ չնայած դրան, ՄՌՏ-ն կրկին ուղեղի վնասման նշաններ հայտնաբերեց:
Հաղորդվում է, որ տղամարդը կործանարար կախվածությունից ազատվել է եւ այլեւս թմրանյութեր չի ընդունում: Հոդվածի հեղինակները նշում են, որ կոկաինի առաջացրած տոքսիկ լեյկոէնցեֆալոպատիայի դեպքերը հազվադեպ են ավարտվում լիակատար առողջացմամբ, քանի որ այդ վիճակի դեպքում մեծ է մահվան ելքի հավանականությունը:







