Դելավերի համալսարանից (ԱՄՆ) հետազոտողները հայտնաբերել են Մոնմորանսի տեսակի տտիպ բալի օգտակար հատկությունները: Պարզվել է, որ այն դրական է ազդում տարեց մարդկանց կոգնիտիվ ֆունկցիաների վրա:

Նախկինում գիտնականները նշում էին, որ Մոնմորանսի բալը օգնում է նվազեցնել արյան ճնշումը եւ օժտված է հզոր հակաբորբոքային հատկություններով: Նոր հետազոտությանը մասնակցել է 65-73 տարեկան 34 մարդ, որոնք առողջական խնդիրներ չեն ունեցել:

Փորձարկվողներին բաժանել են 2 խմբի: Առաջին խմբի մասնակիցները պետք է օրական խմեին 480 մլ բալի հյութ, իսկ երկրորդ խմբի մասնակիցները՝ պլացեբո: Ընդ որում՝ կամավորները չեն ընդունել ուղեղի աշխատանքի վրա ներգործող դեղեր, հետեւել են սովորական սննդակարգի եւ կանոնավորապես կատարել են ֆիզիկական վարժություններ:

Հետազոտության սկզբում եւ վերջում բոլոր մասնակիցները կոգնիտիվ ֆունկցիաների եւ հիշողության վիճակի ստուգման թեստեր են անցել:

Արդյունքում՝ առաջին խմբի կամավորների շրջանում դիտվել է կոգնիտիվ ֆունկցիաների եւ հիշողության բարելավում: Այսպես՝ նրանք ավելի լավ են ընկալել տեսողական տեղեկատվությունը եւ հազվադեպ են սխալվել տեսողական հիշողության գնահատման խնդիրները կատարելիս:

Գիտնականները սա կապում են բալի մեջ պոլիֆենոլների եւ անտոցիանների պարունակությամբ, որոնք նվազեցնում են օքսիդացման սթրեսը եւ բորբոքումը:

Աշխատանքի արդյունքներով գիտական հոդվածը հրապարակվել է Food & Function պարբերականում: