Անձնական կյանքում ճգնաժամ ապրող մարդկանցից շատերը հակված են վիշտը գինու կամ առավել թունդ խմիչքի օգնությամբ խեղդել, սակայն վերջերս իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ դեպրեսիայից ազատվելու առավել հաճելի եղանակ գոյություն ունի:

Նյու-Յորքի համալսարանի գիտահետազոտական խմբի անդամները հերքել են տարածված համոզմունքն առ այն, թե իբր պատահական սեքսը ցածր ինքնագնահատականի եւ դեպրեսիայի պատճառ է դառնում, հաղորդում է Metro-ն: Պարզվում է` մեկ գիշեր տեւած ինտիմ կապը միանգամայն հակադարձ ազդեցությունն է թողնում: 

Հետազոտության շրջանակում գիտնականները ուսանողներին խնդրել են 12 շաբաթվա ընթացքում տեղի ունեցած պատահական սեքսուալ հարաբերություններից հետո առաջացած զգացումներն ու մտքերը օրագրին հանձնել: Արդյունքում պարզվել է, որ պատահական սեքսը ոչ միայն կյանքից անբավարարվածության դեմ պայքարի, այլ նաեւ` ինքնագնահատականը բարձրացնելու հրաշալի միջոց է: 

«Հետազոտության մասնակիցների գրառումները վերլուծելով, այն եզրահանգման եկանք, որ պատահական բնույթ կրող սեռական շփումներից հետո ուսանողները կյանքից եւ սեփական որակներից ավելի մեծ բավարարվածություն են ստանում եւ դեպրեսիայի ախտանշաններից` անհանգստությունից ու ցածր տրամադրությունից ազատվում», - ասվում է ամերիկացի գիտնականների զեկույցում:

Հետազոտության հեղինակները եւս մեկ զարմանալի արդյունք են գրանցել. պատահական սեքսն իր ազդեցության շրջանակում գենդերային տարբերություններ չի ճանաչում: Եվ տղաները, եւ աղջիկները նույնանման բավականություն են ստանում դրանից: