2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ, հաշվառված թմրամոլների թիվը Հայաստանում հասել է 5022-ի, որոնցից 57-ը կանայք են: Այս մասին այսօր, հունիսի 26-ին, թմրամոլության դեմ պայքարի միջազգային օրը, լրագրողներին պատմեց ՀՀ ԱՆ գլխավոր նարկոլոգ, նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանը:

Թմրամոլների թիվը երկրում, ըստ գլխավոր նարկոլոգի, տարեցտարի աճում է: Օրինակ, մեկ տարի առաջ՝ 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ, կար 4428 թմրամոլ, իսկ 10 տարի առաջ հաշվառված թմրամոլների թիվն ընդամենը 183 էր:

Պետրոս Սեմերջյանը նշեց նաեւ, որ տարիների ընթացքում աճում է ոչ միայն թմրամոլների թիվը, այլեւ առողջապահության համակարգ դիմողների թիվը, քանի որ մատուցվող բժշկական օգնության որակը բարձրացել է, իսկ թմրամիջոցների օգտագործումը ապաքրեականացվել է, այսինքն, մարդիկ արդեն այնքան չեն վախենում բուժհաստատություն դիմելուց, ինչքան նախկինում:

Հայաստանի թմրամոլների մեծ մասը 30-45 տարեկան է: Հետաքրքիր է, որ, Պետրոս Սեմերջյանի խոսքով, թմրամիջոցներից կախումը տարածված է բոլոր խավերում՝ անկախ եկամուտներից. ունեւորներն օգտագործում են ավելի թանկ թմրամիջոցներ, մյուսները՝ ավելի էժան: Կրթության մակարդակը նույնպես ոչ մի դեր չի խաղում՝ թմրամոլների մեջ կան թե բարձագույն կրթություն ունեցող, թե կրթությունից շատ հեռու մարդիկ: Ինչ վերաբերվում է ամենատարածված թմրամիջոցներին, առաջին տեղում է կանեփը, ապա ափիոնատիպ թմրամիջոցները, ամֆիտամինը եւ կոկաինը:

Նշված 5022 հոգուց 6-ն այս պահին բուժվում են ստացիոնար պայմաններում, 2-ը՝ ամբուլատոր պայմաններում, եւս 226 հոգի ընդգրկված է մեթադոնային փոխարինող բուժման ծրագրում: Բոլոր մյուսները գտնվում են հսկողության տակ: Պետրոս Սեմերջյանը նշեց նաեւ, որ Հայաստանում բյուջեից տարեկան 160 միլիոն դրամ է հատկացվում թմրամոլների բուժման համար:

Հայաստանում թմրամոլների իրական թիվը պատկերացնելու համար պետք է նշել, որ սա ՀՀ ԱՆ վիճակագրությունն էր, որը ներառում էր միայն առողջապահության համակարգում հաշվառված մարդկանց: Սակայն կան նաեւ այլ մարդիկ, որոնք հաշվառված չեն: Դրանց որոշ մասը հայտնվել է ոստիկանության տեսադաշտում, որոշ մասն էլ՝ ոչ: Այդ պատճառով կան նաեւ այլ հետազոտություններ՝ երկրում թմրամոլների իրական թվի մոտավոր պատկերը ստանալու համար: Վերջին անգամ նմանատիպ հետազոտություն իրականացվել է 2011 թվականին, եւ ըստ դրա արդյունքների՝ երկրում կա մոտ 30 000 թմրամոլ, որոնցից 12 700-ը թմրամիջոցներն օգտագործում է ներերակային ճանապարհով: