Մենտեֆիորե-Էյնշթեյնի քաղցկեղի բուժման կենտրոնի գհիտնականները հայտնել են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի անսպասելի վաղ ախտանշանի մասին. պարզվում է՝ արյան մեջ շաքարի ցածր մակարդակը կարող է լինել այս հիվանդության վաղ ախտանշաններից մեկը:

Բանն այն է, որ ենթաստամոքսային գեղձի նեյրոէնդոկրինային ուռուցքները ինսուլին են արտադրում, ինչը բերում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի նվազմանը:

Մասնագետների խոսքով՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն անչափ նենգ հիվանդություն է, որը դժվար է հայտնաբերել վաղ փուլերում: Քանի դեռ ուռուցքը փոքր չափեր ունի, իրեն զգացնել չի տալիս, եւ մարդն անգամ չի կռահում, որ իր հետ ինչ-որ բան այնպես չէ: Աճին զուգահեռ ուռուցքը կարող է թափանցել լյարդի մազանոթներ, ինչպես նաեւ մեջքի ուժեղ ցավեր առաջացնել: Երբ այս ախտանշանները արտահայտվում են, ուռուցքն արդեն հասնում է մինչեւ ուշ փուլեր:

Քանի որ այս հիվանդությունն այդքան դժվար է հայտնաբերել, մասնագետները փորձում են գտնել այն ախտորոշելու նոր մեթոդներ: Մասնավորապես՝ գիտնականները փորձում են հասկանալ ուռուցքի աճի եւ տարածման պրոցեսը: Հետազոտությունների մյուս ուղղությունն է մեզի եւ արյան սովորական անալիզներում քաղցկեղի բիոմարկերների որոնումը: