Անհանգիստ ոտքերի համախտանիշը 3 անգամ մեծացնում է ինքնասպանության հավանականությունը: Այս մասին նշված է JAMA Network Open ամսագրում հրապարակված Փենսիլվանիա նահանգի համալսարանի (ԱՄՆ) գիտնականների հետազոտության մեջ:

Անհանգիստ ոտքերի համախտանիշը դիտվում է անքնության ժամանակ, որոշ տվյալներով՝ դրանով կարող է տառապել աշխարհի բնակչության մինչեւ 10 տոկոսը: Միաժամանակ, անցկացված հետազոտությունը ցույց է տալիս, որ այս համախտանիշը կապված է ոչ միայն ֆիզիոլոգիական, այլ նաեւ հոգեկան խանգարումների հետ:

Գիտնականները վերլուծել են անհանգիստ ոտքերի համախտանիշով տառապող 24 հազարից ավելի մարդու եւ նրանց ավելի քան 145 հազար առողջ տարեկիցների  տվյալները: Տեղեկությունները հավաքվել են 2006-2014 թվականներին:

Պարզվել է, որ անհանգիստ ոտքերի համախտանիշով մարդկանց շրջանում գրեթե 3 անգամ մեծ է ինքնասպանության կամ ինքնավնասման հավանականությունը: Ընդ որում՝ գիտնականները հաշվի են առել այնպիսի գործոնները, ինչպես դեպրեսիայի կամ քրոնիկական հիվանդությունների առկայությունը:

Մասնագետները հույս ունեն, որ ստացված տվյալները օգտակար կլինեն այս խնդիրներին նվիրված այլ հետազոտություններ անցկացնելիս: