54-ամյա Մենդի Փարքինը անգլիական Բարնսլի քաղաքից (Հարավային Յորքշիրի կոմսություն) զրկվել է վերջույթներից սեպսիսի պատճառով։

Daily Mail պարբերականը գրում է, որ հունիսի վերջին Մենդին դիմել է հիվանդանոց կույր  աղիքի բորբոքման կասկածով։ Նրա մոտ ախտորոշել են քարեր երիկամներում, հենց դրանք էլ ցավերի պատճառն էին, որոնք նրան մտածել են տվել կույր աղիքի մասին։ Մի քանի ժամ անց նրա մոտ սեպսիս են հայտնաբերել. սկսվել է բազմօրգան անբավարարություն եւ սեպտիկ շոկ, եւ բժիշկները ստիպված են եղել նրան արհեստական կոմայի մեջ գցել։

Մենդին արթնացել է միայն հուլիսի կեսին։ Արյան վարակի պատճառով սեւացել են նրա վերջույթները։ Հուլիսի 19-ին վիրաբույժները ստիպված են եղել անդամահատել նրա երկու ձեռքերը, իսկ 3 շաբաթ անց կինը զրկվել է նաեւ ոտքերից։ Հանուն նրա կյանքի փրկության բժիշկները ուժեղ ազդեցության դեղեր են նշանակել, որոնցից նա մասամբ խլացել է։

Այժմ Մենդին գտնվում է հիվանդանոցում, բժիշկների հսկողության ներքո, եւ ամեն օր զբաղվում է ֆիզիոթերապեւտի ու հոգեբանի հետ։

«Հույս ունեմ, որ կես տարվա ընթացքում ես պրոթեզներ կունենամ եւ կկարողանամ վերադառնալ իմ նախկին կյանքին,- ասել է նա։- Լսողության հետ կապված խնդիրներն ինձ ավելի շատ են անհանգստացնում, քան անդամահատումը։ Հիմա ես դժվար եմ շփվում շրջապատիս հետ»։

Բայց եւ լսողության խնդիրներն, ամենայն հավանականությամբ, կարելի կլինի լուծել լսողական սարքի օգնությամբ։