Instituto de Salud Carlos III  (Իսպանիա) հետազոտական ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են գենային մուտացիա, որը պաշտպանում է ՄԻԱՎ-ից։ Այս մասին հրապարակվել է PLOS Pathogens գիտական ամսագրում։

Խոսքը TNPO3 գենում մուտացիայի մասին է, որը կապված է հազվադեպ հիվանդության՝ կոնք-ուսային մկանային դիսթրոֆիայի առաջացման հետ։ Սակայն այդ նույն մուտացիան պաշտպանում է իմունոդեֆիցիտի վիրուսից. լաբորատոր պայմաններում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ այդ մուտացիան ունեցող պացիենտների բջիջները կայուն են ՄԻԱՎ-ի հանդեպ։

Չի բացառվում, որ ոչ հեռավոր ապագայում այս մուտացիան ունեցող պացիենտների բջիջները կարելի կլինի օգտագործել ՄԻԱՎ բուժման եւ կանխարգելման նոր մեթոդների ստեղծման համար։

Սա գենետիկ մոդիֆիկացիայի հայտնաբերման առաջին դեպքը չէ, որը ՄԻԱՎ-ին դիմակայելու բարձր ունակություն ունի. ավելի վաղ չինացի գիտնական Հե Ցզյանկույը պատմել էր փոքրիկների ծնվելու մասին, որոնց գեները մոդիֆիկացվել էին CCR5Δ32 մուտացիայի օգնությամբ։ Գիտնականը համոզված էր, որ դրա օգնությամբ երեխաների օրգանիզմը սովորել է դիմակայել ՄԻԱՎ-ին։