18-ամյա ամերիկուհի Մեդդի Նելսոնը քիչ էր մնացել մահանար 3 տարի շարունակ վեյպ ծխելու պատճառով: Աղջկա կյանքը փրկելու համար բժիշկները նրան մեդիկամենտոզ կոմայի մեջ են գցել, հաղորդում է The Sun-ը:

Մեդդիի ինքնազգացողությունը գնալով վատացել է, սակայն նա դա որեւէ կերպ չի կապել վեյպի հետ: Ամեն ինչ սկսվել է մշտական սրտխառնոցից, ապա նրա մոտ մեջքի, երիկամների շրջանում ուժեղ ցավ է սկսվել, եւ ջերմությունը կտրուկ բարձրացել է:

Երբ աղջիկը չի կարողացել ինքնուրույն շնչել, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Ավելի ուշ Մեդդիի վիճակը փոխվել է՝ ծանրից մինչեւ պոտենցիալ մահացու, եւ բժիշկները որոշել են նրան արհեստական կոմայի մեջ գցել: Ռենտգենը ցույց է տվել, որ ամերիկուհու թոքերը լջորեն վնասված են, եւ նրա մոտ սուր էոզինոֆիլ թոքաբորբ են ախտորոշել (հեղուկը, որը հավաքվել է նրա թոքերի մեջ իդեալական միջավայր է ստեղծել բակտերիաների աճի եւ վարակման համար): Բժիշկների կարծիքով՝ աղջկա թոքերի մեջ խոնավության մակարդակը բարձրացել է հենց վեյպի պատճառով:

Այժմ Մեդդին արդեն դուրս է եկել կոմայից, նա ինքնուրույն շնչում եւ ուտում է, իրեն լավ է զգում: Սակայն բժիշկները չեն կարողանում հստակ ասել՝ արդյոք աղջիկը կկարողանա լիովին վերականգնվել:

Նշենք, որ էլեկտրոնային ծխախոտ արտադրողները վստահեցնում են, որ դրանք անվտանգ է, եւ որ դրանց ներսում մաքուր ջրային գոլորշի է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) այդ առիթով հակառակ կարծիքն ունի: ԱՀԿ-ի՝ «Նիկոտինի մատակարարման էլեկտրոնային համակարգերի մասին» զեկույցում ասվում է, որ նիկոտոինի մատակարարման էլեկտրոնային համակարգերի գոլորշին (աերոզոլ) ընդամենը «ջրային գոլորշի» չէ, ինչպես հաճախ պնդում են:

Փորձագետները պարզել են, որ նիկոտինից բացի, դրանցում առկա են պրոպիլենգլիկոլ, գլիցերին, արոմատացված նյութեր, ֆորմալդեգիդ եւ այլ՝ քաղցկեղ առաջացնող նյութեր: