Փենսիլվանիա նահանգի բնակիչ 85-ամյա Ջանեթ Բիթերմանը հասել է իր նպատակին՝ հաղթահարել քաղցկեղը եւ դա նշել թոռան հետ մոտոցիկլետով ուղեւորությամբ, հայտնում է USAone-ը:

Բիթերմանի խոսքով՝ այս նպատակը, որին ինքն այդքան ձգտում էր, իրեն օգնել է ուռուցքային հիվանդության ծանր բուժման ժամանակ: Եվ Ջանեթը հիմա դրել է սաղավարտը՝ այն ամուր կոճկելով, նստել «Հարլեյի» վրա ու նահանգով ուղեւորության մեկնել, որի մասին երազում էր մեկ տարի:

«Ես առողջական շատ խնդիրներ ունեի,- ասել է կինը: - Յուրաքանչյուր շարժումից սարսափելի հոգնում էի: Կորցրել էի ախորժակը, հոտառությունը եւ շատ էի նիհարել: Իմ նպատակն էր առողջանալը: Սա այն էր, ինչին ձգտում էի»:

Բիթերմանը պայքարում էր հաստ աղիքի քաղցկեղի դեմ, որպեսզի թոռան հետ «երկաթե նժույգի» վրա ուղեւորության մեկնի: Մեկ տարի բուժվելուց հետո նրա մոտ պաշտոնապես քաղցկեղը վերացել է, եւ նա երկրորդ անգամ է հաղթահարում հիվանդությունը:

«Սա նրա մոտիվացիան էր, որպեսզի այդ պայքարում նորից ու նորից մարտնչեր եւ անցներ քիմիաթերապիայի բոլոր սեանսները,- ասել է Ջանեթի դուստրը՝ Բրենդա Յոդերը: - Ամեն անգամ, երբ նա իր պատմությունը պատմում էր որեւէ մեկին՝ բժիշկներին, բուժքույրերին, ծանոթներին, բոլորը ժպտում էին եւ նրան աջակցում: Սա նրան ոգեշնչում էր»:

«Ես չեմ կարող կյանքս առանց նրա պատկերացնել,- հավելել է Ջանեթի թոռը՝ Հարի Սթեյնհարթը: - Նա անչափ համարձակ է: Նա ուղղակի հրաշք է»:

Ջանեթը թոռան հետ «Հարլեյով»  մեկնել է Փենսիլվանիայի Նորթումբերլենդ շրջանի արեւով լեցուն գյուղական ճանապարհներով:

«Անցած տարին իմ կյանքում կորած տարի էր,- ասել է Ջանեթը: - Ես չէի կարողանում ոչ մի բան անել: Բայց հիմա օրեցօր ավելի եմ ուժեղանում եւ կրկին ինձ առույգ եմ զգում»,- ասել է Ջանեթը: