Լոլիկն առողջության համար անչափ օգտակար է, այդուհանդերձ այն հազվադեպ են գործածում ամեն ինչից առանձին: Ուստի արժե նկատի ունենալ, որ կան սննդային համակցություններ, որոնք արմատապես կործանում են ամբողջ օգտակար արդյունքը, հայտնում է «Մեդվեստին»:
Բանն այն է, որ լոլիկի հակաօքսիդանտային հատկությունները (ինչի համար, ըստ էության, դրանք արժեւորում են) մեծապես պայմանավորված են լիկոպին կոչվող կարմիր պիգմենտով: Ըստ նոր հետազոտության, որը հրապարակվել է Molecular Nutrition & Food Research ամսագրում, լոլիկի մթերքներից կլանված լիկոպինի մակարդակները զգալիորեն նվազում են միաժամանակ երկաթով հարուստ սնունդ գործածելու դեպքում:
Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել առաջին հերթին մսի վրա, որը լոլիկից կերակուրի գլխավոր ուղեկիցն է: ԱՄՆ Օհայո նահանգի համալսարանի գիտնականները ոչ մեծ խմբի (արական սեռի ընդամենը 7 առողջ ուսանողներ) արյունը եւ ստամոքսահյութը ստուգել են այն բանից հետո, երբ փորձարկողները խմել են լոլիկի հյութից կոկտեյլ:
Ընդ որում՝ խմբի կեսին տվել են երկաթի հավելմամբ լրացված կոկտեյլ, իսկ մյուսներին բաժին է հասել առանց երկաթի հավելման: Արդյունքները ցույց են տվել, որ առաջին խմբի մասնակիցների օրգանիզմում առկա էր լիկոպինի «զգալիորեն ավելի ցածր» մակարդակ նրանց համեմատությամբ, որոնք խմել են միայն լոլիկի կոկտեյլ առանց հավելման:
«Դա տեղի է ունենում ամեն անգամ, երբ մարդը միաժամանակ գործածում է լիկոպինով եւ երկաթով հարուստ ինչ-որ բան, օրինակ՝ Բոլոնյեզե սոուս կամ երկաթով հարուստ փաթիլներ լոլիկի հյութով: Դուք ստանում եք լավագույն դեպքում լոլիկի ամբողջ պոտենցիալ օգուտի կեսը»,- պարզաբանում է հետազոտության գլխավոր հեղինակ Ռեյչել Քոփեքը:
Մեխանիզմն առայժմ պարզ չէ, սակայն հետազոտողները վարկած ունեն: «Հավանաբար, ավելցուկային երկաթը ոչնչացնում է լիկոպինի եւ ճարպերի կապը, որն անհրաժեշտ է բջիջների կողմից լիկոպինի հաջող կլանման համար»,- ասում են գիտնականները:






