Երբ օդի աղտոտվածության մակարդակը բարձրանում է, երեխաների եւ դեռահասների մոտ տեղի է ունենում հոգեկան խախտումների բռնկում։ Առաջին անգամ ուսումնասիրելով հոգեկանի վրա մանր եւ ամուր PM2.5 մասնիկների ազդեցությունը՝ այդ փոխկապվածությունը հայտնաբերել են Ցինցինաթիի մանկական հիվանդանոցի բժշկական կենտրոնի հետազոտողները, տեղեկացնում է «Մեդվեստի»-ն։
Տեղեկանքի համար. РМ2.5 մասնիկներն այնքան փոքր են, որ հեշտությամբ անցնում են օրգանիզմի կենսաբանական պատնեշների միջով՝ քթի խոռոչ, վերին շնչուղիներ, բրոնխներ, եւ անմիջապես հայտնվում են ալվեոլներում՝ պղպջակներ, որոնցում տեղի է ունենում գազափոխանակությունը թոքերի եւ արյունատար անոթների միջեւ։ Ամենափոքր РМ2.5 մասնիկները գազափոխանակության ժամանակ կարող են հայտնվել արյան մեջ։ Քաղաքներում օդը հսկայական քանակությամբ РМ2.5 է պարունակում. իրենց չնչին զանգվածի պատճառով դրանք գրեթե նստվածք չեն տալիս հողի վրա՝ մշտապես կուտակվելով մթնոլորտում։
Հետազոտողները համեմատել են РМ2.5 ընթացիկ մակարդակները շտապ հոգեբուժական օգնության մանկական բաժանմունքների այցելությունների քանակի հետ՝ այնպիսի վիճակների առնչությամբ, ինչպիսին են տագնապը, շիզոֆրենիան, դեպրեսիան, երկբեւեռ խանգարումը, ինքնասպանական մտադրությունները եւ այլն։
Կապն ակնհայտ էր. հենց որ քաղաքում առաջ են եկել հատկապես ուժեղ աղտոտվածություններ, օրինակ՝ ծխածածկույթի տեսքով, անմիջապես (հաջորդ 1-2 օրում) հիվանդանոց են ընկել ավելի շատ թվով երեխաներ հոգեկան առողջության բողոքներով։
Ի դեպ, մթնոլորտի վնասակար նյութերի ազդեցությունը հոգեկանի վրա նորություն չէ։ Օրինակ, Ցինցինաթիի մասնագետների եւս մեկ հետազոտություն պարզել է կապը օդի աղտոտվածության, ուղեղի մետաբոլիկ խանգարումների եւ տագնապի ընդհանուր ախտանշանների միջեւ։ Համաձայն ստացված արդյունքների՝ այն մարդկանց ուղեղում, ովքեր վերջերս ենթարկվել են ուժեղ աղտոտվածության ազդեցությանը, բարձրացված է եղել միոինոզիտոլի խտությունը։ Դա նեյրոբորբոքային պրոցեսի ցուցիչն է։ Մեկ այլ հետազոտություն, որն անցկացվել է 2018 թվականին, ցույց է տվել, որ օդի աղտոտվածությունը բացասաբար է անդրադառնում երեխաների կոգնիտիվ թեստերի արդյունքների վրա։






