Գիտնականները գտել են մուտացիայի ենթարկվող սպիտակուցի ոչնչացման մեթոդը, որը Հենտինգտոնի հիվանդությամբ պացիենտների ուղեղում անշրջելի փոփոխություններ է առաջացնում:

Հենտինգտոնի խորեան անբուժելի ժառանգական նեյրոդեգեներատիվ հիվանդություն է: Սովորաբար դրա ախտանշանները դրսեւորվում են 35-40 տարեկանից հետո, հիվանդությանը հատուկ են շարժումների եւ ինտելեկտի ծանր խախտումները, որոնք ժամանակի ընթացքում լիակատար հաշմանդամություն են առաջացնում: Ախտանշանների հայտնվելուց հետո կյանքի տեւողությունը կազմում է միջինը 10-15 տարի: Հիվանդությունն անբուժելի է, բժիշկները անգամ չունեն դրա զարգացումը դանդաղեցնող մեթոդներ: Գենետիկ թեստերի միջոցով միայն հնարավոր է որոշել՝ ծնողներն արդյոք հիվանդությունը փոխանցե՞լ են իրենց երեխաներին, թե ոչ: Եթե այո, ապա այն ապագայում կդրսեւորվի:

Չինացի գիտնականները հիմա գտել են 4 բաղադրիչ, որոնց միջոցով կարելի է ուղեղը մաքրել մուտացիայի ենթարկվող սպիտակուցներից, որոնք ոչնչացնում են ուղեղի կարեւորագույն բջիջները, որից հետո զարգանում են հատկանշական ախտանշանները: Այս տեխնոլոգիան առայժմ գործել է միայն մարդկային բջիջների վրա լաբորատորիայում, ճանճերի եւ մկների վրա, բայց այս փուլում ձեռք բերած հաջողությունն արդեն մարդու վրա փորձարկումների հնարավորություն է ստեղծում:

Հիվանդությունը համարվում է Հանտինգտինի գենի արատի արդյունք, ինչը առաջացնում է նեյրոններում Հանտինգտինի մուտացիայի ենթարկված սպիտակուցի կուտակում, որի հետեւանքով դրանք մահանում են, ինչն էլ գործարկում է ծանրագույն ախտանշանները: Գիտնականները երկար տարիներ փորձել են տարբեր մեթոդներով նվազեցնել մուտացիայի ենթարկված սպիտակուցների մակարդակը, ընդ որում՝ չոչնչացնելով դրանց առողջ տարատեսակները, բայց հաջողության չեն հասել: Իսկ հիմա չինացի գիտնականներն ընդհուպ մոտեցել են այս խնդրի լուծմանը: