Լյարդի ծանր վնասվածքներից հնարավոր է խուսափել՝ վստահ են Mayo Clinic-ի մասնագետները:

The Daily Mail-ի հաղորդմամբ՝ ալկոհոլի չարաշահումը սպանում է լյարդը՝ ցիռոզ առաջացնելով, որը սպառնում է մահվան ելքով: Գիտնականները, սակայն, պարզել են, որ երկու սպիտակուցների արգելափակումը, որոնք իրենց մեջ ներառում են ֆիբրոբլաստների ձեւավորման հրահանգներ, դանդաղեցնում եւ նույնիսկ կանխում են ֆիբրոզը: Նույնը տեղի է ունենում նաեւ թոքերում:

Գիտնականների ուշադրության կենտրոնում են հայտնվել YAP եւ TAZ սպիտակուցները, որոնք, ի դեպ, ներգրավված են քաղցկեղի զարգացման մեջ: Այդ սպիտակուցները կարեւոր են նաեւ տարբեր բջիջների հաղորդակցման եւ վերքերի բուժման համար: Անհնար է նորմայի վերադարձնել մարմինը՝ պարզապես «անջատելով» այդ սպիտակուցները:

Պարզվել է, որ խնդրի լուծման բանալին դոֆամին նեյրոհաղորդիչն է, որի հանդեպ ֆիբրոբլաստները ընկալիչ ունեն: Տվյալ ընկալիչների խթանումը խանգարում է ֆիբրոզին: Փորձագետները հույս ունեն ակտիվ նյութեր ստանալ, որոնք ազդում են ֆիբրոբլաստների ընկալիչների վրա, ինչը հնարավորություն կտա կանգնեցնել հյուսվածքի սպիացումն ու խուսափել օրգանների ծանր վնասվածքներից: