Կախվածության բոլոր տեսակները մի շարք` թե ֆիզիկական, եւ թե հոգեբանական ախտանշաններ ունեն, հիշեցնում է Medical Daily-ն:
Երբ խոսքը որեւէ նյութի օգտագործմանն է վերաբերում, հրաժարվելու անկարողությունը, պատճառված բացասական հետեւանքները եւ մեղավորության զգացումը ընդհանուր բնույթ են կրում:
Բայց թմրանյութերն ու ալկոհոլը միայն բանը չեն, որոնցից կարելի է կախվածություն ձեռք բերել: Ժամանակակից աշխարհը կախվածության լայն տեսականիով է բնորոշվում: Հետազոտական խմբերը դրա այնպիսի տեսակներ են հայտնաբերել, ինչպես, օրինակ` Facebook-ից կախվածությունն է (նույնիսկ վեց չափորոշիչներ են մշակվել` հիվանդությունն ախտորոշելու համար): Ինտերնետից կախվածության հովանու տակ հիվանդության տարատեսակ դրսեւորումներ են նկատվում, որոնց պատճառը կիբերտարածությունները, պոռնոգրաֆիկ ֆիլմներն ու տեսախաղերն են: Այդուհանդերձ, կախվածության` ստորեւ բերված տեսակները մեծ զարմանք կպատճառեն ձեզ, քանի որ, այնուամենայնիվ, դժվար է դրանց գոյությանը հավատալ: Մինչ այդ նշենք, որ հիշյալ կախվածությունների մի մասը ԱՄՆ-ում հրապարակվող հոգեկան խախտումների դիագնոստիկ եւ վիճակագրական ձեռնարկի մաս չեն կազմում` այն հիմնավորմամբ, որ դրանց կլինիկական բնույթը դեռւես չի հաստատվել:
Արեւային լոգանք
Որոշ մարդիկ արեւային լոգանքից նույնքան հաճույթ կարող են ստանալ, որքան մյուսները` պլաստիկ վիրահատությունից: Ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ պատճառված առողջական խնդիրները` ուժեղ արեւայրուքը կամ քաղցկեղի առաջացման ռիսկի կտրուկ բարձրացումը երբեք լոգանքի նոր «դոզայից» հետ չեն պահի նրանց:
Արեւային լոգանքի կախվածությունը կանխարգելելու նպատակով հարկավոր է դեռեւս վաղ տարիքում դրա վտանգավոր կողմերի մասին տեղեկացվածություն ապահովել: Ընդ որում, խոսքը մաշկին պղնձագույն երանգ հաղորդելու թե բնական, եւ թե արհեստական եղանակների մասին է գնում: Անչափահասները պետք է գիտակցեն, որ ուլտրամանուշակագույն ճառագայթների չարաշահումը կարող է մաշկի քաղցկեղ առաջացնել, եւ, հանուն պրոֆիլակտիկ միջոցառումների, նախապատվությունը պետք է արեւայրուքի դեմ օգտագործվող քսուքներին եւ այլ պաշտպանիչ միջոցներին տալ:
Candy Crush
Բազմաթիվ օնլայն խաղեր, որոնց վառ օրինակը Candy Crush-ն է, համակարգչի էկրանին գամված օգտատերերից շատերի մոտ կախվածություն են առաջացնում եւ կարող են նրանց ուղեղի եւ կենսակերպի վրա լուրջ ազդեցություն թողնել:
Կոնկրետ Candy Crush խաղը, 2012թ.-ից ի վեր, երբ առաջին անգամ ներկայացվեց, 200 մլրդ անգամ խաղացվել է: Խաղի հեղինակի` King ընկերության խոսքով, Facebook-ի 23 օգտատերերից մեկը տարված է այս խաղով: Մեկ այլ հետազոտությամբ պարզվել է, որ խաղի սիրահարների 32 տոկոսը մատների արանքով է նայում կյանքի բոլոր այլ ասպեկտներին եւ հազվադեպ է ընտանիքի անդամների կամ ընկերների հետ շփվում: Հիշյալ օգտատերերը աշխատավայրում եւս կարող են սիրած զբաղմունքով տարվել եւ խաղի վրա ծախսված ժամանակի շուրջ տհաճ խոսակցություններ ունենալ գործընկերների հետ: Ընդհանուրն առմամբ, հարցվածների 30 տոկոսն ընդունել է, որ խաղի նկատմամբ կախվածություն է զգում:
Մազահանություն
Տրիխոտրիլոմանիան, կամ` մազահանությունը, առավելապես հոգեկան շեղում է համարվում, քան` կախվածություն: Ամեն օր 6 մլն ամերիկացի փորձում է մազերը քաշելով հանելու բուռն ցանկությանը դիմակայել:
Սիգարետի մոխիր, կավիճ եւ աղբ ուտողների մասին
Ոչ սննդային նյութեր ուտելու անհագուրդ ցանկությունը հիմնականում անչափահասների մոտ է նկատվում: Համաձայն վիճակագրական տվյալների, 1-6 տարեկան երեխաների 10-32 տոկոսը նման վարքագիծ են դրսեւորում: Չափահասների պարագայում այն հաճախ կարող է օրգանիզմում որոշ սնուցիչների, օրինակ` երկաթի կամ ցինկի պակասի արդյունք լինել:
Երկաթի պակաս ունեցող չափահասների շրջանում առավել տարօրինակ վարքագիծ հղի կանայք կարող են դրսեւորել: Օրինակ` կարող են աղբ, կենդանական արտաթորանք, կավ, սառույց, ավազ եւ նույնիսկ ներկ ուտելու ցանկություն ունենալ:
Մարմնի ձեւափոխում
Դեռեւս ապացուցված չէ, որ տատուների կամ պիրսինգի նկատմամբ հակումները կարող են կախվածության արդյունք լինել, բայց որոշ գիտնականներ պնդում են, որ մարմնի հաճախակի ձեւափոխման արդյունքում կարող է որոշակի շեղում առաջանալ: Մասնավորապես, տատուից կամ պիրսինգից հետո օրգանիզմում մեծ քանակությամբ ադրենալին է արտադրվում, որից նույնպես կարելի է երկրորդական կախվածության մեջ ընկնել, քանի որ ադրենալինի ազդեցությամբ այնուհետ էլ դեպրեսիայի դեմ պայքարող հորման` դոպամին է արտազատվում: Բացի այդ, ասեղի ծակոցները կարող են նաեւ հաճույքի զգացողության համար պատասխանատու էնդորֆինի արտադրության խթան հանդիսանալ:
Սելֆի
Այո, ինքնանկարը եւս կարող է խնդրահարույց լինել: Համենայն դեպս, վերջին հետազոտություններն այդ մասին են վկայում: Չնայած դժվար է գտնել մեկին, ով երբեւէ չի փորձել ինքն իրեն լուսանկարել (նույնիսկ Հռոմի պապը սելֆի ունի), այդ բնագավառում եւս կարող են ծայրահեղականներ գտնվել: Հոգեբանների խոսքով, ինքն իրեն լուսանկարելու եւ ստացված կադրերը ինտերնետում տեղեկայելու ձգտումը անապահովության եւ սոցիալական հաստատման կարիքի (Facebook-ում, Instagram-ում կամ Twitter-ում ձեռք բերված հավանումների եւ պոզիտիվ գրառումների ծավալը կարող է ուղեղի «հաճելի» արձագանք խթանել) մասին է վկայում: Գիտնականների խոսքով, խոսքը այնպիսի հոգեկան վիճակի մասին է, որի պարագայում ինքնասպանության ռիսկը չափազանց բարձր է համարվում:






