Տարեց մարդիկ, որոնք ստորին վերջույթներին մղվող արյան փոքր ծավալի պատճառով տեղաշարժվելու հետ կապված խնդիրներ ունեն, մուգ շոկոլադ ուտելուց հետո ավելի հեշտ եւ երկար քայլելու հնարավորություն կունենան, տեղեկացնում է FoxNews-ը:
Իտալացի գիտնականները, մասնավորապես պարզել են, որ սննդակարգի մեջ մուգ շոկոլադ գործածող` պերիֆերիկ զարկերակային հիվանդությամբ տառապող տարեց մարդիկ, կաթնային շոկոլադով սնվողների համեմատությամբ, առավել երկար են կարողանում համեմատաբար թեթեւ քայլել:
Պատճառն այն է, որ մուգ շոկոլադի մեջ առավել մեծ քանակությամբ առկա բաղադրիչներից մեկը` պոլիֆենոլը, ոտքերով արյան ավելի մեծ շրջանառություն է խթանում:
Արեւմտյան երկրների 70 տարեկանից բարձր 5 բնակիչներից մեկը պերիֆերիկ զարկերակային հիվանդությամբ է տառապում: Այն ոչ միայն սրտի կաթվածի եւ ինսուլտի վտանգ է պարունակում, այլ նաեւ` քայլելիս կարող է ոտքերի ցավ առաջացնել:
Վերը հիշատակված հետազոտությանը 70 տարեկանին մոտ 14 տղամարդ եւ 6 կին է մասնակցել, որոնց նախապես մարզասարքի օգնությամբ ժամում 3,5 կմ արագությամբ քայլելու հնարավորություն է տրվել: Այնուհետեւ նրանց պատահականությամբ սկզբունքով մուգ եւ կաթնային շոկոլադ են հյուրասիրել եւ երկու ժամ անց` կրկին մարզասրահ հրավիրել` տեղաշարժի հնարավորությունները փորձելու համար:
Կաթնային շոկոլադ ընդունած մասնակիցների քայլքի տեւողությունը չի փոխվել, իսկ ահա նրանք, ովքեր մուգ շոկոլադ են համտեսել, կարողացել են 17 վայրկյան կամ 10 մետր ավելի երկար քայլել:
Հետազոտական խմբի անդամները պարզել են, որ մուգ շոկոլադով սնված մասնակիցների արյան մեջ առավել բարեկարգ շրջանառություն խթանող գազեր են պարունակվում:.
Այդուհանդերձ, իրենց իսկ` հետազոտության հեղինակների խոստովանությամբ, ստացված արդյունքները նկատելի փոփոխությունների մասին չեն վկայում, եւ հավելյալ հետազոտություններ են հարկավոր` մուգ շոկոլադի առավել երկար ժամկետով օգտագործման հետեւանքները պարզելու համար: Ավելին` նրանք դեռեւս համոզված չեն, որ արյան համեմատաբար բարեկարգ շրջանառության միակ պատասխանատուն պոլիֆենոլն է:
Պերիֆերիկ զարկերակային հիվանդությամբ տառապող մարդկանց խորհուրդ է տրվում հրարաժվել ծխելուց եւ առավել առողջարար սննդակարգի անցնել: Ֆիզիկական վարժությունները եւս այս պարագայում կարող են նկատելի թեթեւություն պարգեւել: Խցանված զարկերակների շրջանցմանը միտված վիրաբուժական միջամտությունը վերջին ելքն է համարվում:






