Հետազոտությամբ պարզվել է, որ ձմռան ամիսներին ծնված երեխաները, ամռանը ծնվածների հետ համեմատությամբ, առավել հաճախ են ձախլիկ լինում, հաղորդում է Daily Mail-ը:

Վիեննայի համալսարանի հոգեբանները 13,000 չափահասների շրջանում իրականացված հարցման արդյունքում պարզել են, որ կանանց 7,5 եւ տղամադկանց 8,8 տոկոսը ձախ ձեռքով են գրում:

Բացի այդ, ուշադրություն է գրավել այն հանգամանքը, որ, միջին ամսական կտրվածքով, ձախլիկների 8,2 տոկոսը փետրվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում է ծնվել:

Իսկ ահա նոյեմբեր, դեկտեմբեր եւ հունվար ամիսներին ծնվածների մասնաբաժինը ամսական 10,5 տոկոս է կազմել:

Գիտնականների համոզմամբ, ստացված տվյալներն այն տեսության օգտին են վկայում, թե տղամարդկանց պարագայում ձախլիկությունը հորմոնալ պատճառներ ունի: Բանն այն է, որ արգանդում հորմոններից մեկի` տեստոստերոնի ծավալային ազդեցությամբ պտղի` ձախլիկ ծնվելու հավանականության աճ է նկատվում: Իսկ տեստոստերոնի արտադրությունն, իր հերթին, արեւի ճառագայթների ազդեցությամբ խթան ստանալու հատկություն ունի: 

Եթե հաշվի առնելու լինենք, որ ձմռան ամիսներին ծնված երեխաները գարնանն ու ձմռանն են սաղմնային փուլում գտնվում, ապա պարզ է դառնում, որ հենց նրանք են տեստոստերոնի առավել մեծ քանակության ազդեցությանը ենթարկվում:

Այդուհանդերձ, վերոհիշյալ գործոնը ձախլիկության միակ պատճառը չէ եւ միայն որոշ հանգամանքների բերումով կարող է դրա առաջացման պատճառ դառնալ:

Բացի այդ, բացատրությունը հավանաբար ճիշտ է միայն տղամարդկանց համար, քանի որ իգական սեռի էմբրիոնը երբեք մեծ քանակությամբ տեստոստերոն չի արտադրում: 

Վարկածներից մեկի համաձայն, հիշյալ հորմոնը դանդաղեցնում է էմբրիոնի ուղեղի ձախ կիսագնդի զարգացումը, ինչի արդյունքում էլ զարգացած աջ կիսագնդին հատուկ ձախլիկություն է առաջանում: Իսկ ահա աջլիկների մոտ հակառակը` ձախ կիսագունդն է զարգացած:

Այդուհանդերձ, մոր օրգանիզմում առկա տեստոստերոնի ծավալը, ինչպես եւ այլ արտաքին գործոններ, կարող են որոշիչ ազդեցություն ունենալ: