Կոռնելի համալսարանի գիտնականները օստեոպորոզի բնույթը հետազոտելիս վերլուծել են ռենտգենյան պատկերները: Ոսկորի խտությունը հյուսվածքի ամրության վճռորոշ գործոնն է, եւ հիմա գիտնականները հայտնաբերել են, որ հենց ոսկորի կառուցվածքում այն պաշտպանում է երկարատեւ մաշվածությունից, փոխանցում է HighTech+-ը:

Ոսկրային հյուսվածքի ճարտարապետությունը կազմված է ուղղահայաց թերթավոր կառույցներից, որոնք որոշում են նրա ամրությունը գերբեռնվածության դեպքում: Գոյություն ունեն նաեւ հորիզոնական սռնիաձեւ կառույցներ, որոնք գիտնականները նախկինում չէին կապում ամրության վրա զգալի ազդեցության հետ: Ոսկրի նմուշի խորը հետազոտությունը ցույց է տվել, որ այդպես չէ. երկարատեւ մաշման դեպքում ոսկորի ամրության պահպանման համար վճռորոշ նշանակություն ունեն հենց հորիզոնական կառույցները:

Եթե ոսկորը բեռնեն մեկ անգամ, ապա ծանրաբեռնվածությունը կընկնի ուղղահայաց «կարանների» վրա, սակայն ոսկրային հյուսվածքի վրա երկարատեւ ցիկլիկ ազդեցությունները փոխհատուցվում են հենց հորիզոնական կառույցներով, պարզաբանել են հեղինակները:

«Տարիքին զուգահեռ՝ մարդն առաջին հերթին զրկվում է հենց հորիզոնական կառույցներից, ինչը մեծացնում է բազմաթիվ ցիկլիկ բեռնվածություններից կոտրվածքի հավանականությունը»,- մեկնաբանել է հետազոտության հեղինակ Քրիսթոֆեր Էրնանդեսը:

Գիտնականները ոսկրային հյուսվածքը մոդելավորել են պոլիմերից՝ տատանելով «կարանների» հաստությունը: Եվ սա նյութը 100 անգամ ավելի ամուր է դարձրել:

Նոր կառույցի շնորհիվ ուժեղացած ցանցերը կարող են օգնել ոչ միայն օստեոպորոզի բուժմանը, այլեւ արդյունաբերությանը, որտեղ անհրաժեշտ են գերթեթեւ եւ ամուր նյութեր, վստահ են հեղինակները: Օրինակ՝ դա կարող է օգտակար լինել օդանավի ավելի ամուր եւ թեթեւ թեւեր մշակելիս, որոնք թռիչքի ժամանակ վիթխարի բեռնվածության են դիմակայում: