Ուռուցքային հիվանդություններ ունեցող մարդիկ, ինչպես նաեւ նրանք, ովքեր արդեն բուժվել են, 2 անգամ ավելի հաճախ են մահանում ինսուլտից, քան նրանք, ում մոտ քաղցկեղ երբեւէ չի եղել։ Քաղցկեղի որոշ տեսակների դեպքում այդ ռիսկը նույնիսկ ավելի շատ է։ Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Nature Communications ամսագրում։

Հետազոտության հեղինակները՝ Փենսիլվանիայի համալսարանի բժշկական քոլեջի գիտնականները, հայտնաբերել են, որ մահացու ինսուլտի հետ ավելի հաճախ կապված են բարակ եւ ուղիղ աղիների, կրծքագեղձի եւ շագանակագեղձի քաղցկեղները։

«Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ քաղցկեղով հիվանդ պացիենտների մեծ մասը մահանում է ոչ թե քաղցկեղից, այլ ուրիշ պատճառներից։ Ինսուլտը դրանցից մեկն է։ Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ պացիենտները օգուտ կստանան սքրինինգի ծրագրից, դրա օգնությամբ կարելի է կանխել ինսուլտից վաղաժամ որոշ մահեր, ինչպես նաեւ որոշել, թե որ պացիենտներին մենք կարող ենք ուղղել այդ պրոֆիլակտիկ գործողությունները»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ Նիկոլաս Զաորսկին։

Գիտնականների խոսքերով, քաղցկեղով հիվանդների կամ քաղցկեղային հիվանդություններ տարածների մոտ ինսուլտների պրոֆիլակտիկայի նորմալ խորհրդատվություններ գործնականում չկան։ Սրտաբանների ամերիկյան ասոցիացիան եւ Քաղցկեղի դեմ պայքարի ազգային համալիր ցանցը ներկայացնում են ինսուլտի պրոֆիլակտիկայի միայն առանձին ուղեցույցներ եւ խորհրդատվություններ նրանց համար, ովքեր չեն ստանում հակաուռուցքային թերապիա։

Հետազոտության հեղինակները վերլուծել են 7 529 781 պացիենտների տվյալներ, որոնց մոտ 1992-2015թթ․ ախտորոշվել է ինվազիվ քաղցկեղ (տարածված այն հյուսվածքների սահմաններից դուրս, որոնցում այն սկզբնապես զարգացել է)։ Պարզվել է, որ նրանցից 80 513-ը մահացել է ինսուլտից։ Ինսուլտից մահանալու հնարավորությունը տղամարդկանց եւ կանանց մոտ մոտավորապես նույնն է եղել, իսկ երիտասարդ տարիքում հիվանդացածների մոտ՝ ավելի բարձր։

40 տարեկանից ցածր պացիենտների մոտ մահվան ելքով ինսուլտները ավելի հաճախ կապված են եղել գլխուղեղի ուռուցքների կամ լիմֆոմաների հետ, իսկ 40-ից բարձր տարիքում՝ հաստ եւ ուղիղ աղիքի, շագանակագեղձի եւ կրծքագեղձի ուռուցքների հետ։

Որպես բարձր ռիսկի բացատրություններից մեկը, հետազոտողները նշում են շատ ուռուցքային հիվանդություններ ունեցողների մոտ «պրոտրոմբոտիկ» վիճակը։ Դա նշանակում է, որ նրանց մոտ մեծանում է արյունատար անոթում խտացած արյան առաջացման հնարավորությունը։

Նրանց կողմից առաջարկվող երկրորդ բացատրությունը կապված է օրգանիզմի վրա հակաքաղցկեղային բուժման սպեցիֆիկ ազդեցության հետ՝ ճառագայթային թերապիան եւ քիմիաթերապիան կարող են ազդել գլխուղեղի արյունատար անոթների վրա՝ բարձրացնելով ինսուլտի վտանգը։