Մելբուռնի թագավորական տեխնոլոգիական համալսարանի ավստրալացի գիտնականները կաթվածից կամ գանգուղեղային վնասվածքից հետո վերականգնվելու եզակի համակարգ են մշակել։

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, փորձերը ցույց են տվել, որ համակարգը բարելավում է պացիենտների վիճակը երկու-երեք անգամ։ Վերականգնումը տեղի է ունենում EDNA սարքի օգնությամբ։ Դա սենսորային էկրան է՝ վերահսկիչով, որի օգնությամբ պացիենտը կարող է խաղալ բարդության տարբեր աստիճանի խաղեր, որոնք օգնում են վերադարձնել վերջույթների շարժունությունն ու վերականգնել ուղեղի նեյրոնային կապերը։ Համակարգը բոլոր տվյալները պարապմունքների մասին բեռնում է «ամպում», որպեսզի թույլ տա բուժող բժշկին տեղեկատվության մշտական հասանելիություն ունենալ։

Սարքը ստեղծողների խոսքով՝ EDNA պլատֆորմը պարզապես խաղերի հավաքածու չէ, դա եզակի սարք է, որն ապահովում է հիանալի հակադարձ կապ։ Այսինքն՝ ոչ միայն պացիենտն է զգում պլատֆորմը, այլեւ վերջինը «զգում» է պացիենտին, գրանցում նրա առաջընթացն ու բարդացնում առաջադրանքները։

EDNA սարքը կլինիկական փորձարկումներ է անցնում Սիդնեյի հիվանդանոցներից մեկում։ Ստուգվում է նաեւ համակարգի կոմպակտ համակարգը տանն օգտագործելու համար։