46-ամյա Լի Հուան Հունան նահանգից 20 տարի առաջ հիվանդացավ անկիլոզացնող սպոնդիլիտով, ինչի պատճառով նրա մամինը ծալվեց երկու մասի։
Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, վերջին 5 տարիներին նրա վիճակը զգալիորեն վատացել էր, իսկ մարմնի անբնական դիրքի պատճառով հասակն ընդամենը 90 սանտիմետր էր։
Տղամարդը վիրաբուժական միջամտության կարիք ուներ, բայց դրա համար միջոցներ չուներ։ Բացի այդ, ողնաշարի խիստ ծռումը բարդացնում էր վիրահատությունը 20-30 անգամ, այնպես որ՝ շատ վիրաբույժներ պարզապես չէին համաձայնում կատարել այդ աշխատանքը։
Բայց մի անգամ Լին հայտնվեց Շենչժենի համալսարանի Կենտրոնական հոսպիտալի ողնաշարի վիրաբուժության ու օրթոպեդիայի ոլորտի հայտնի մասնագետ, պրոֆեսոր Թաո Հույերենի մոտ, որը հենց նման դեպքերի մասնագետն է։ Նա բուժել է նաեւ ուրիշ «բարդ» պացիենտների, որոնք տառապում էին ողնաշարի ծռումից, բայց ոչ մի անգամ իր պրոֆեսիոնալ կարիերայում նման բարդ դեպք չէր տեսել։ Վիրաբույժի համար պրոֆեսիոնալ պատվի գործ դարձավ պացիենտին օգնելը։
Միջամտությունը հաջող էր, եւ Լին, վերջապես, կարողացավ 20 տարվա մեջ առաջին անգամ ուղիղ կանգնել։
Անկիլոզացնող սպոնդիլիտը առաջ է գալիս գեների խախտումից։ Բորբոքային պրոցեսները ողնաշարում ազդում են նաեւ կողերի ու պարանոցի վրա, դրանք առաջ են բերում ռիգիդություն եւ ցավեր։ Ոսկրերը մաշվում են, օրգանիզմը արտադրում է ավելորդ քանակությամբ կալցիում ոսկրերի ավելի մեծ թվի աճի համար, երբեմն՝ ոչ ճիշտ տեղերում։ Պրոցեսը հանգեցնում է անպիտան ոսկրերի ձեւավորմանը ողնաշարում, ինչի պատճառով մարդը կարող է կիսով չափ ծռվել։ Այս արատը բժշկության մեջ անվանում են կիֆոզ։
Չինացին հիվանդության ամենածանր ձեւերից մեկն ուներ, բայց շնորհիվ բժիշկների՝ նա, այնուամենայնիվ, կարողացավ ուղղվել։






