Կանանց մոտ, որոնք հորմոնային փոխարինման թերապիա են ստացել դաշտանադադարից հետո, կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը մնում է բարձր դաշտանադադարից գրեթե 20 տարի անց: Նման անսպասելի եզրակացության են եկել այդ թեմայով հետազոտության հեղինակները:
Սան Անտոնիոում կրծքագեղձի քաղցկեղի հարցով սիմպոզիումի ժամանակ Ռոուեն Խլեբովսկին նշել է, որ էստրոգենի եւ պրոգեստինի կոմբինացիայի նույնիսկ կարճաժամկետ օգտագործումը կարող է երկարատեւ հետեւանքներ ունենալ:
Սկզբնապես հետազոտության շրջանակում Women's Health Initiative-ի մասնագետները մտադիր էին ուսումնասիրել դաշտանադադարի ժամանակ հորմոնային փոխարինման թերապիայի համար դեղամիջոցների արդյունավետությունը: Ենթադրվում էր, որ այդ թերապիան նպաստում է սրտային հիվանդությունների կանխմանը, պաշտպանում է ոսկրային զանգվածի կորստից եւ այլ խնդիրներից: 50-70 տարեկան 16000 կանայք 5-6 տարվա ընթացքում ստացել են այդ դեղամիջոցները:
Սակայն հետազոտության հիմնական մասը դադարեցվել է 2002 թվականին, երբ անսպասելիորեն գրանցվել է սրտանոթային հիվանդությունների եւ կրծքագեղձի քաղցկեղի տարածվածության աճ հորմոններ ընդունող մասնակիցների շրջանում: Կանանց խորհուրդ է տրվել դադարեցնել բուժումը, սակայն բժիշկները շարունակել են հետազոտությունը:
Անցած 19 տարվա ընթացքում հորմոններ ստացած կանանց շրջանում գրանցվել է կրծքագեղձի քաղցկեղի 572 դեպք, պլացեբո խմբից՝ 431 դեպք: Հետեւաբար, հիվանդության զարգացման ռիսկը թերապիայից հետո մեծացել է 29 տոկոսով:
Մասնագետները նշում են, որ դաշտանադադարի վառ արտահայտված ախտանշաններով կանանց մոտ կոմբինացված դեղերի ընդունման առավելությունները կարող են գերազանցել ռիսկերը: Նման իրավիճակներում խորհուրդ է տրվում օգտագործել հնարավորինս նվազագույն չափաբաժին կարճ ժամանակահատվածում:






