Գիտնականներն արդեն վաղուց ուշադրություն են դարձրել մի հատկանշական փաստի վրա. սուր շնչառական վիրուսային վարակները (ՍՇՎ) մի փոքր ավելի հազվադեպ են հանդիպում գրիպի սեզոնի ժամանակ եւ հակառակը, այսինքն՝ այս վարակներով հիվանդացության վերելքները սովորաբար չեն համընկնում: Proceedings of the National Academy of Sciences-ում հրապարակված նոր հետազոտության հեղինակները որոշել են պարզել, թե ինչու մենք սովորաբար գրիպով եւ տարբեր ՍՇՎ-ներով միաժամանակ չենք հիվանդանում:

Նրանք վերլուծել են մրսածության ախտանիշներով 36 157 պացիենտի մասին տեղեկությունները, որոնք Մեծ Բրիտանիայում հավաքվել են 8 տարում: Վիրուսային վարակը հաստատվել է պացիենտների 35 տոկոսի մոտ, որոնցից 8 տոկոսը վարակված էր վիրուսի ավելի քան մեկ տեսակով:

Առավել հետաքրքիր եւ արտահայտիչ էր A տեսակի գրիպի վիրուսների եւ ռինովիրուսների (ՍՇՎ տարածված հարուցիչներն են) միջեւ փոխազդեցությունը: А գրիպով պացիենտները ռինովիրուսային ինֆեկցիայով 70 տոկոսով հազվադեպ էին վարակվում, քան այն պացիենտները, որոնք վարակված էին ցանկացած ուրիշ վիրուսով:

Գիտնականներին հատուկ համակարգչային ծրագիրն է օգնել հայտնաբերել վիրուսների միջեւ «փոխադարձ սանձումը»: Գիտնականները վիրուսների վարքագիծը համեմատել են գիշատիչների վարքագծի՝ կերի համար առյուծների եւ բորենիների մրցակցության հետ:

«Մենք ուսումնասիրում ենք զանազան տարբերակներ, օրինակ՝ որ այս վիրուսները բջիջների համար մրցակցում են օրգանիզմը վարակելիս կամ մի վիրուսի նկատմամբ իմունային ռեակցիան դժվարեցնում է նույն մարդուն վարակելու ուրիշ վիրուսի խնդիրը»,- ասել է Գլազգոյի համալսարանից հետազոտության առաջատար հեղինակ Սեմա Նիքբահշը:

Առանձնապես հետաքրքիր է այն, որ մրցակցում են տարբեր տեսակի վիրուսները. մեկ վիրուսի տարբեր շտամներին խաչվող իմունիտետի հայտնաբերումը պակաս անսպասելի կլիներ: Սակայն գիտնականները դեռեւս չեն կարողացել պարզաբանել վիրուսների մրցակցության բուն մեխանիզմները: