Գիտնականները նոր սարք են մշակել, որն արձակում է ոչ մեծ էլեկտրական լիցքեր եւ դաշտանը պակաս ցավոտ դարձնում:

The Daily Mail-ը փոխանցում է, որ շաբաթվա ընթացքում սարքն օգտագործելով օրական 20 րոպե՝ կարելի է դաշտանի ժամանակ ցավի ուժգնությունը կրճատել գրեթե 40 տոկոսով:

Մասնագետների առաջարկած անոդային տրանսկրանիալ խթանումն արդեն օգտագործվում է ցավերի նվազեցման համար ֆիբրոմիալգիայի եւ քրոնիկական ցավի դեպքում: Սակայն դաշտանի ժամանակ առաջացող ցավերը տարբերվում են նյարդաբանական ցավերից, քանի որ առաջանում են արգանդի կրճատման հետեւանքով: Գիտնականները, սակայն, ցույց են տվել, որ հոսանքով խթանումը գործում է նաեւ այս դեպքում:

Ուղեղը խթանող էլեկտրոդները տեղադրվում են գլխի մաշկի վրա եւ միացվում օրական 20 րոպե: Այս սարքն արդեն փորձարկել են կամավորների վրա, որոնց հրավիրել է Ռիու Գրանդի դու Նորտիի Դաշնային համալսարանը:

Գիտնականների խոսքով՝ կրկին առաջացող ցավը (դաշտանի ժամանակ կծկումներ) սկզբունքորեն մեծացնում է ցավի հանդեպ ուղեղի զգայունությունը. այս երեւույթը հայտնի է որպես կենտրոնական սենսիբիլիզացիա: Ուղեղի խթանումը թույլ է տալիս խափանել այս արատավոր շրջանը եւ ցավն ավելի լավ հաղթահարել: