Սոնյա Օ’Լաֆլինը անգլիական Սաութհեմփթոն քաղաքից (Հեմփշիրի կոմսություն) ծննդաբերեց 10-րդ երեխային՝ հակառակ բժիշկների նախազգուշացումներին, որոնք զգուշացնում էին նրան առողջության վրա ծննդաբերության բացասական հետեւանքների մասին։
Ինչպես գրում է The Mirror-ը, Սոնյան միայնակ մայր է, ապրում է չորս սենյականոց մունիցիպալ բնակարանում, որը պետությունը տրամադրում է չունեւորներին։ Կինն աշխատել չի հասցնում երեխաների պատճառով։ Նրա օրն սկսվում է առավոտյան 6.30-ին, երբ արթնացնում է երեխաներին ու դպրոց ճանապարհում, ինչից հետո գնում է սուպերմարքեթ՝ առեւտրի, եւ ճաշ է պատրաստում։
Սոնյան ապրում է սոցիալական նպաստով։ Նա փորձում է փող խնայել՝ ամեն ինչ միանգամից մեծածախ գներով գնելով։
Բժիշկները խորհուրդ չէին տալիս Սոնյային ունենալ տասներորդ երեխային, քանի որ բարձր ճնշում ունի եւ մեծ է արնահոսության եւ այլ բարդությունների ռիսկը։ Բայց Սոնյան նրանց չլսեց։ Ծննդաբերությունը տեւեց 13 ժամ, այն շատ բարդ ընթացավ, բայց երեխան ծնվեց առողջ։ Նրան Դենիել անվանեցին։
Սոնյայի ավագ դուստրը՝ Նիկոլը, 19 տարեկան է։ Նրա խոսքով՝ ընտանիքում նոր երեխայի հայտնվելը ոչ մեկին չի զարմացնում, արդեն սովորական է բոլորի համար։ Ընդամենը մեկ տարի առաջ ծնվել էր Լեքսին՝ ընտանիքի իններորդ երեխան։
Ի դեպ, Սոնյան խոստովանել է, որ կյանքում երբեք պահպանակից չի օգտվել։
Լուսանկարը՝ կադր Channel 5-ից






