Կար ժամանակ, երբ վեյփերն ավելի անվտանգ այլընտրանք էին համարվում սովորական ծխախոտների համեմատ, բայց վերջին գիտական տվյալները ցույց են տալիս, որ թե՛ վեյփերը, թե՛ ծխախոտները միանման վնասակար են եւ վտանգավոր։

Նոր հետազոտությունում որը հրապարակվել է Scientific Reports-ում, Ռոչեսթերի համալսարանի Բժշկական կենտրոնի գիտնականները նկարագրել են, թե ինչ նյութեր են մտնում հոտավետ հեղուկների եւ պատիճների մեջ, որոնք օգտագործվում են վեյփերում։ Իսկ բջիջների եւ հյուսվածքների վրա փորձերով նրանք հաստատել են այդ նյութերի վնասակարությունը։

Մասնագետները պարզել են, որ առաջին հերթին այդ նյութերը վնասակար են  թոքերի հյուսվածքների համար. դրանք առաջ են բերում բորբոքային պրոցեսներ եւ գենետիկ վնասվածքներ, որոնք երկարաժամկետ հեռանկարում զգալիորեն բարձրացնում են շնչուղիների հիվանդությունների եւ անգամ քաղցկեղի ռիսկը։

«Թեեւ այնպիսի անուններ, ինչպիսին են մանգոն, վարունգը եւ անանուխը, տպավորություն են ստեղծում հեղուկներում հոտերի անվտանգության մասին էլեկտրոնային սիգարետների համար, իրականությունն այն է, որ այդ հոտերը եւ համային զգացողություններն առաջ են գալիս քիմիական նյութերից։ Արդյունքները ցույց են տալիս, որ այդ քիմիական նյութերի ազդեցությունը առաջ է բերում թոքերի վնասում եւ դիսֆունկցիա՝ նախանշելով առողջության համար երկարատեւ հետեւանքներ»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ Իրֆան Ռահմանը։

Արտադրողների մեծ մասը չի նշում, թե ինչ քիմիական միացություններ են նրանք օգտագործում արոմատիզատորների ստեղծման համար։ Հայտնի է միայն նիկոտինի, պրոպիլենգլիկոլի եւ բուսական գլիցերինի մասին, որոնք կազմում են վեյփի հեղուկների հիմքը։

Գիտնականները մաս-սպեկտրոմետրիայի մեթոդով հայտնաբերել են 40 քիմիական նյութեր, որոնք առկա են վեյփերի 7 արոմատիզատորների տարբեր համադրություններում։ Այդ նյութերի մեջ եղել են ածխաջրածիններ եւ թռչող օրգանական միացություններ, որոնք հաճախ կիրառվում են արդյունաբերությունում եւ կարող են վնաս հասցնել շնչելիս։

Այնուհետեւ լաբորատոր պայմաններում գիտնականները բուրումնավետ պատիճներից աերոզոլային գոլորշիներով ազդել են մարդու թոքերի վրա, այդ թվում բրոնխների էպիթելային բջիջների (կարեւոր դեր են խաղում գազափոխանակման մեջ) եւ մոնոցիտների (իմունային համակարգի բջիջները) վրա։ Պարզվել է, որ այդ նյութերը առաջ են բերում բորբոքում եւ քայքայում են էպիթելային բջիջների ամբողջականությունը, ինչը վերջնարդյունքում կարող է հանգեցնել թոքերի սուր վնասման եւ շնչուղիների հիվանդությունների։

Ավելին, գոլորշիների ազդեցությունից վնասվում է նաեւ բջիջների ԴՆԹ-ն, ինչը կարող է նախանշել քաղցկեղի մասին։