Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները ներկայացրել են անկոնտակտ լազերային ուլտրաձայնային հետազոտության նոր մեթոդ։ Այն տարբերվում է բարձր ճշգրտության պատկերի ստացմամբ, ավելին՝ որոշ իրավիճակներում շատ ավելի հարմար է օգտագործել, քան սովորական ՈւՁՀ-երը։

Ինչպես տեղեկացնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն, սովորական ՈւՁՀ-ն երբեմն դժվար է կատարել փոքրիկ երեխաների, այրվածքների կենտրոնների պացիենտների եւ հիպերզգայուն մաշկ ունեցող մարդկանց դեպքում։ Գումարած՝ սովորական ՈւՁՀ կոնտակտային բնույթի պատճառով կա վրիպումների ռիսկ։

Նոր մեթոդի շրջանակում մեկ լազերը ֆոտոակուստիկ էֆեկտի օգնությամբ հեռավորության վրա գեներացնում է ձայնային ալիքներ, որոնք անդրադառնում են մարդու մարմնից, իսկ երկրորդ լազերը նույնպես հեռվից որսում է դրանք։ Այնուհետեւ արդյունքներն արտացոլվում են սովորական ՈւՁՀ պատկերին նման տեսքով։

Տեխնոլոգիան արդեն թեստավորել են կամավորների վրա, սքանավորել են նրանց նախաբազուկը։  Արդյունքում՝ լազերային եւ սովորական ՈւՁՀ-երը միանման ճշտությամբ ցույց են տվել նախաբազուկի բոլոր մասերը մաշկի մակերեսից մոտ 6 սանտիմետր հեռավորությունից։ Լազերի դեպքում մարդիկ գտնվել են ճառագայթման աղբյուրից մոտ կես մետր հեռավորության վրա։

Ապագայում գիտնականները ծրագրում են ստեղծել լազերային ՈւՁՀ-ի կոմպակտ տարբերակ տնային օգտագործման համար։