ՌԳԱ Սիբիրի բաժանմունքի Բջջաբանության եւ գենետիկայի ինստիտուտի Լաբորատոր կենդանիների գենետիկ ռեսուրսների կենտրոնի եւ Տոմսկի պետական համալսարանի Կենսաբանության ինստիտուտի (Ռուսաստան) մասնագետները պարզել են, թե ինչպես են վիրուսների նանոմասնիկները, օրգանական եւ ոչ օրգանական նյութերը շրջակա միջավայրից թափանցում գլխուղեղ:
Գլխուղեղում հեմատոէնցեֆալիտային պատնեշը գործում է որպես այդպիսի մասնիկների զտիչ, ուստի սակավաթիվ նյութերի է հաջողվում ուղեղ թափանցել: Սա նաեւ դժվարեցնում է ուղեղ դեղեր հասցնելը:
Բայց պարզվել է, որ կա ներթափանցման ուրիշ ճանապարհ: Փորձի շրջանակում լաբորատոր կենդանիների քթի խոռոչ են կաթեցրել նանոմասնիկներով լուծույթ եւ ՄՌՏ միջոցով հետեւել են գլխուղեղի կառույցներում դրանց հայտնվելուն: Դրանք հոտառության կոճղեզում հայտնվել են 3 ժամ հետո (առավելագույն խտությունը՝ 12 ժամ հետո), հիպոկամպում, ատամնավոր գալարում եւ ուղեղի այլ կառույցներում առավելագույնին հասել է 3-4 օր հետո: Մասնիկների շարժումը համապատասխանում էր հոտառության համակարգի նյարդային կապերի հետագծին:
Գիտնականների կարծիքով՝ մասնիկները կարող են անցնել սինափսների միջով՝ տեղաշարժվելով նյարդային մանրաթելերում: Ընդ որում՝ ոչ բոլոր մասնիկներն են անցնում սինափսների միջով: Մանգանի օքսիդն անցնում է սինափսների միջով, իսկ կրեմնիումի երկօքսիդը՝ ոչ: Բանն այն է, որ մանգանի օքսիդը, ի տարբերություն կրեմնիումի երկօքսիդի, ամուր կապվում է AP-3 սպիտակուցի հետ, որը մասնակցում է սինապտիկ փոխանցման պրոցեսներին: Այսինքն՝ տեսականորեն հնարավոր է նանոմասնիկները հասցնել քթի խոռոչով:
Սակայն կան մի շարք վերապահումներ:
Փորձագետները հայտնաբերել են քիմիական միացությունների համակցություններ, որոնք կա՛մ ամբողջությամբ արգելափակում են, կա՛մ զգալիորեն մեծացնում քթի խոռոչից նանոմասնիկների փոխադրումն ուղեղ: Նկատվել է նաեւ, որ որոշ նանոմասնիկներ ներարկելիս կրծողների մարմնի ջերմությունը արագ նվազել է եւ տեղի է ունեցել ողնուղեղային հեղուկի արտահոսք: Այսինքն՝ քթի խոռոչում է տեղի ունենում կարեւոր ռեակցիաների մեծ քանակությունը:






