Գիտնականները ուղեղի ծավալի կրճատում են հայտնաբերել թե՛ նախկին, թե՛ գործող բռնցքամարտիկների եւ խառը մենամարտերի մարզիկների մոտ: Այս մասին նշված է Neurology ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:
Eurek Alert-ը հայտնում է, որ գործող մարզիկների մոտ ուղեղի ծավալի կրճատումը հատուկ է վնասվածքներին, իսկ նախկին մարզիկների մոտ՝ նեյրոդեգեներատիվ հիվանդություններին:
Գիտնականների խոսքով՝ կոնտակտային մենամարտերի փորձ չունեցող մարդկանց համեմատությամբ գործող բռնցքամարտիկների մոտ ուղեղի ծավալի կորստի միջին տարեկան ավելի մեծ արագություն է եղել թալամուսի ձախ մասի, կոշտուկավոր մարմնի միջին եւ առջեւի մասերի եւ կոշտուկավոր մարմնի կենտրոնական մասի հատվածներում: ММА մարզիկների շրջանում նման պատկեր նկատվել է, բայց մի փոքր ավելի քիչ չափով թալամուսի ձախ մասում եւ կոշտուկավոր մարմնի կենտրոնական մասում:
Հատկանշական է, որ նախկին բռնցքամարտիկները ուղեղի այդ հատվածներում փոփոխություններ չեն ունեցել: Դրա փոխարեն, նրանց մոտ ուղեղի ծավալի կորուստ է եղել նշաձեւ մարմնի ձախ ու աջ հատվածում եւ հիպոկամպի աջ հատվածում: Սրանք ուղեղի այն հատվածներն են, որոնք ախտահարվում են այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսին Ալցհեյմերի հիվանդությունն է:
Հատկանշական է նաեւ, որ հետազոտողները մտածողությունն ու հիշողությունը գնահատելիս զգալի տարբերություն չեն հայտնաբերել գործող ու նախկին մարզիկների եւ մարզաձեւերով չզբաղվողների խմբերի շրջանում: Բայց երբ գիտնականները գործող մարզիկներին բաժանել են 2 խմբի, որոնցից առաջինում եղել են նրանք, ում մոտ ուղեղի ծավալի կրճատում է եղել, իսկ երկրորդում նրանք, ում մոտ կորուստ չի եղել, պարզվել է, որ ծավալի կորստով անձանց տեղեկությունների մշակման արագության 2 թեստերի արդյունքները ավելի վատ էին, քան նրանց արդյունքները, որոնց ուղեղի ծավալը դեռեւս նորմալ էր:






