Մայոնեզը համարվում է ամենակալորիական եւ վնասակար մթերքներից մեկն աշխարհում, եւ դրա ավելացումը առաջին հայացքից օգտակար աղցաններում չափազանց վնասակար է թե՛ առողջության, թե՛ կազմվածքի համար։ Ինչո՞վ կարելի է փոխարինել մայոնեզն աղցաններում։ Իր նկատառումներն այս առիթով NEWS.am Medicine-ի թղթակցի հետ կիսել է պարենային անվտանգության հարցերի փորձագետ Դավիթ Պիպոյանը։
Ինչո՞ւ է մայոնեզը վտանգավոր
Մայոնեզի առաջին խնդիրը, մասնագետների կարծիքով, դրանում ճարպերի բարձր պարունակությունն է։ Իսկ դա նշանակում է ավելորդ կալորիաներ, որոնք կնպաստեն ավելորդ քաշ հավաքելուն, կմեծանա ենթաստամոքսային գեղձի եւ ամբողջ օրգանիզմի բեռնվածությունը։
Մյուս խնդիրը համի ուժեղացուցիչներն են, այդ թվում եւ աղի, որը մայոնեզի մեջ սովորաբար բավական շատ է։ Աղը, ինչպես հայտնի է, նպաստում է զարկերակային ճնշման բարձրացմանը՝ այստեղից բխող հետեւանքներով։
Այսպես կոչված «դիետիկ» մայոնեզը իրականում բոլորովին ավելի լավը չէ սովորականից, քանի որ դրանում ճարպի մի մասը՝ անհրաժեշտ բաղադրությունն ստանալու համար, փոխարինում են տարբեր սինթետիկ նյութերով, որոնցից շատերը բնավ օգտակար չեն առողջության համար։
Ինչո՞վ փոխարինել մայոնեզը
Դավիթ Պիպոյանը խորհուրդ է տալիս աղցանները համեմել սովորական մածնով, որը Հայաստանում շատ տարածված մթերք է, ոչ միայն համեղ, այլ նաեւ օգտակար։ Որպեսզի աղցանը հետաքրքիր ու համեղ ստացվի, մածնից կարելի է սարքել ինքնատիպ սուոս աղացած բիբարով, սխտորով (կամ սխտորի փոշով) կամ այլ համեմունքներով՝ ըստ ճաշակի։
Նման սոուսը, ինչպես նշեց մասնագետը, ավելի առողջարար ու օգտակար է ցանկացած մայոնեզից. մածունը լավացնում է մարսողությունն ու օգտակար է աղիների համար, իսկ կալորիականությունը շատ ավելի ցածր է, քան մայոնեզինը։
Մայոնեզի մեկ այլ փոխարինիչ է ոչ քաղցր հունական յոգուրտը՝ ըստ համային ճաշակի համեմունքներով։ Որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս դրան ավելացնել մի քիչ մանանեխ այլ համեմունքների հետ, այդպես կստացվի սոուս, որը համով շատ նման է մայոնեզին։
Դե, իսկ որոշ աղցաններ կարելի է համեմել քիչ զտված ձիթայուղով, այն հայտնի է դրական ազդեցությամբ սիրտ-անոթային համակարգի վրա, ինչպես նաեւ մոնոչհագեցած ճարպաթթուների պարունակությամբ, որոնք օգտակար են օրգանիզմի համար։ Եվ իհարկե, պետք է հիշել, որ այն, ինչպես եւ որեւէ այլ մթերք, չարժե չարաշահել։






