Տոմսկի պոլիտեխնիկական համալսարանի մասնագետները Սիբիրի պետական բժշկական համալսարանի հետ համատեղ ստեղծել են բերանի խոռոչի լորձաթաղանթը վերականգնող պոլիմերային թաղանթներ։ Դրանք անփոխարինելի կլինեն դիմածնոտային վիրահատությունների ժամանակ։

ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ գիտնականների կողմից մշակված թաղանթները հաջողությամբ փորձարկվել են կենդանիների վրա։ Փորձերը ցույց են տվել, որ դրանք նպաստել են վերականգնմանը եւ հակաբակտերիալ հատկություններ են ցուցաբերել։

«Ավանդական մեթոդների օգտագործումը կարող է հանգեցնել սպիացած հյուսվածքների առաջացմանը, վերքերի երկար եւ ցավոտ առողջացմանը։ Առողջացման գործընթացի օպտիմալացման համար օգտագործվում են տարբեր վերքային քսուքներ, որոնք ֆիքսվում են վերքի ծայրերին հանգուցային կարերով։ Հիմնականում բոլոր քսուքները արտասահմանյան արտադրության են, այդ պատճառով բուժման արժեքը մեծանում է»,- ասել է Սիբիրի ՊԲՀ մարդու անատոմիայի ամբիոնի ասիստենտ Անաստասիա Կոնյաեւան։

Նրա խոսքերով՝ արտասահմանյան կրկնօրինակները արտադրվում են շատ թանկարժեք տեխնոլոգիաներով, իսկ ռուսական արտադրանքը տարբերվում է չափավոր գներով։

Գիտնականները օգտագործել են էլեկտրասփինինգի՝ բարձր լարվածության էլեկտրական դաշտի միջոցով ոչ հյուսված մանրաթելային նյութերի մեթոդը։ Դրա օգնությամբ ոչ հյուսված թաղանթները ստեղծվում են ռուսական արտադրության տետրաֆտորէթիլենով վինիլիդենֆտորիդի սոպոլիմերից։ Էլեկտրասփինինգի մեթոդի օգնությամբ հետազոտողներին հաջողվել է էապես նվազեցնել նյութի ինքնարժեքը եւ բարելավել դրա հատկանիշները։ Օգտագործվող նյութերը տարբերվում են չեզոքությամբ եւ օրգանիզմի կողմից բացասական ռեակցիաներ չեն առաջացնում։