Մարդկանց մեծ մասի համար մրսածությունը թեթեւ հիվանդություն է, որը մի քանի օրվա ընթացքում ինքն իրեն անցնում է։ Սակայն որոշ մարդկանց մոտ մրսածությունը կարող է բարդությունների եւ նույնիսկ մահվան պատճառ դառնալ, ինչպես վստահեցնում է Էդինբուրգի համալսարանից իմունոլոգիայի պրոֆեսոր Նեյպիրա Պիտեր Բարլոուն։

Ինչպես հայտնում է The Conversation ամսագիրը, խոսքը մանրէներից վարակների մասին է, որոնք վիրուսային հիվանդություններից հետո երբեմն բարդությունների տեսքով զարգանում են։

Պրոֆեսոր Բարլոուն նշել է, որ մրսածության բոլոր հիվանդությունների մոտ կեսը ռինովիրուսով վարակի հետեւանք է։ Մրսածություն առաջացնել կարող են նաեւ ադենովիրուսը, շնչառական-սինցիտիալ վարակը, պարագրիպի եւ այլ վիրուսներ։

«Մրսածությունը, որպես կանոն, թեթեւ հիվանդություն է, որը մի քանի օրվա ընթացքում առանց բուժման անցնում է։ Սակայն ռինովիրուսով կամ մրսածության ախտանշաններ առաջացնող մեկ այլ վիրուսով վարակվելը կարող է շատ լուրջ հետեւանքներ ունենալ որոշ մարդկանց համար։ Մրսածության բարդությունները կարող են հանգեցնել վտանգավոր հիվանդությունների եւ նույնիսկ մահվան, մանավանդ թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց մոտ»,- նախազգուշացրել է մասնագետը։

Պիտեր Բարլոուի խոսքերով՝ մրսածությունը կարող է բարդություններ առաջացնել ինչպես շատ երիտասարդների, այնպես էլ տարեցների մոտ։ Բացի այդ, մրսածության պատճառով վտանգավոր բարդությունների հակված են այն մարսդիկ, որոնք ծխում են կամ ենթարկվում են ծխախոտի երկրորդային ծխի ազդեցությանը։

Մարդկանց մյուս խումբը, որը վտանգված է լրջորեն տուժել մրսածություն առաջացնող վիրուսներով վարակվելու դեպքում, թոքերի արդեն գոյություն ունեցող հիվանդություններով՝ ասթմայով, մուկովիսցիդոզով կամ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությամբ (ԹՔՕՀ) մարդիկ են։ ԹՔՕՀ ունեցողների մոտ ցանկացած վիրուսային ինֆեկցիայից հետո բակտերիալ լուրջ բարդությունների զարգացման վտանգը հատկապես բարձր է։

«Չկա ոչ մի առանձին տարր, որը կորոշի, թե որքան լուրջ կլինի մրսածության վիրուսի հետեւանքով առաջացած վարակը, սակայն կան բազմաթիվ պայմաններ կամ գործոններ, որոնք կարող են ազդել դրա հետեւանքների վրա։ Մրսածությունից խուսափելու լավագույն տարբերակներից մեկը ձեռքերը ճիշտ լվանալն է։ Դա կարող է կանխել շատ տարատեսակ վարակներ, այլ ոչ միայն մրսածություն առաջացնող վիրուսները։ Եւ յուրաքանչյուրը, այլ ոչ թե միայն նրանք, որոնք խոցելիների թվում են, պետք է պատվաստում ստանա գրիպից»,- ասել է մասնագետը։