Մարդկանցից շատերն աննշան գլխացավի դեպքում ցավազրկողներ են ընդունում, որոնք դեղատներում վաճառվում են առանց դեղատոմսի: Բայց, ինչպես զգուշացնում են մասնագետները, այսպիսի դեղամիջոցների անվերահսկելի, հաճախակի ընդունումը կարող է առողջության համար անչափ վտանգավոր լինել:
Ինչպիսի՞ խնդիրներ կարող են առաջանալ:
Վիրուսային հիվանդությունների դեպքում վիճակի վատթարացում
Ինչպես հայտնում է The Health Site-ը, մրսածության կամ գրիպի դեպքում ցավազրկողների ընդունումը կարող է ոչ միայն չօգնել, այլեւ պացիենտի վիճակը վատթարացնել: Journal of Infectious Diseases ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ գրիպի ժամանակ ցավազրկողի ընդունումը հիվանդության ընթացքը վատթարացնում է:
Գլխացավի վատթարացում
Գլխացավի բուժման համար ցավազրկողների ընդունումը հաճախ ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ: Առողջության եւ կլինիկական կատարելագործման ազգային ինստիտուտների մասնագետները պարզել են, որ ցավազրկողների չարաշահումը գերդոզավորում է առաջացնում, ինչի հետեւանքով գլխացավն ավելի ուժգին եւ անտանելի է դառնում:
Սրտի եւ գլխուղեղի կաթվածների հավանականության մեծացում
Կոպենհագենի համալսարանի հետազոտողները պարզել են, որ սրտի կաթվածից հետո ցավազրկողների ընդունումը մեկ տարվա ընթացքում 59 տոկոսով մեծացնում է գլխուղեղի կաթվածի կամ սրտի կրկնակի կաթվածի հավանականությունը, ուստի դա վերապրած պացիենտներին խորհուրդ չի տրվում որեւիցե դեղ ընդունել առանց բժշկի նշանակման:
Երիկամների վնասվածքներ
Դեղերից շատերի բաղադրության մեջ մտնող միացություններն օրգանիզմից դուրս են բերվում երիկամների միջոցով: Չափազանց մեծ քանակությամբ դեղամիջոցների ընդունումը կարող է տարբեր խնդիրներ առաջացնել, այդ թվում՝ երիկամների վնասվածքներ: Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են American Family Physician Journal ամսագրում, առանց դեղատոմսի վաճառվող ցավազրկողների սխալ օգտագործումն է մեղավոր սուր երիկամային անբավարարության 20 տոկոս դեպքերում:
Կախվածություն
Ցավազրկողների երկարատեւ օգտագործումը կարող է այդ դեղամիջոցներից ֆիզիկական կախվածություն առաջացնել: Իսկ դա նշանակում է, որ օրգանիզմը կսկսի հարմարվել հաբերի քիմիական բաղադրիչներին եւ դրանց հանդեպ անընկալունակություն ձեռք բերել:






