Ուհանի եւ Ֆուդանի համալսարանի (Չինաստան) վիրուսաբանության ինստիտուտի գիտնականները կորոնավիրուսը չեզոքացնելու համար առաջարկում են հակամարմիններ օգտագործել, որոնք հայտնաբերվել էին 2003 թվականին ատիպիկ թոքաբորբի համաճարակի ժամանակ:
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ CR3022 հակամարմինը, ինչպես պարզվել է, լավ է միանում նոր 2019-nCoV կորոնավիրուսին:
Գիտնականներն ուշադրություն են դարձրել RBD սպիտակուցին, որը վիրուսն օգտագործում է մարդկային բջիջներ ներթափանցելու համար: Գիտնականների խոսքով՝ դրա վրա հնարավոր կլինի ազդել CR3022 հակամարմնի հիմքով դեղամիջոցի օգնությամբ:
Այժմ գիտնականներն ուսումնասիրում են պացիենտների արյան նմուշները՝ հույս ունենալով այլ հակամարմիններ հայտնաբերել, որոնք ավելի ակտիվ կմիանան վիրուսին:
Հիշեցնենք, որ Դոերտի ինստիտուտի գիտնականներին հաջողվել է լաբորատոր պայմաններում ստանալ 2019-nCoV կորոնավիրուսի կրկնօրինակը: Վիրուսը դուրս է բերվել հաստատված ախտորոշմամբ առաջին պացիենտի հյուսվածքներից:






