Ժողովրդական խոսք կա՝ ընկերը ընտանիքի անդամի պես մի բան է: Այժմ հիշյալ մշակութային ճշմարտությունը նաեւ կենսաբանական հիմնավորում է ձեռք բերել: Ամերիկյան երկու բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ Սան Դիեգոյի եւ Յեյլի համալսարանների գիտահետազոտական խմբերի համատեղ նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքներն այն բանի մասին են վկայում, որ լավ ընկերները նաեւ գենետիկ ընդհանրություններ ունեն,հաղորդում է Medical Daily-ն:

Մի քանի տասնամյակ տեւած հետազոտությունը ընկերների եւ անծանոթների միջեւ գենետիկ նմանություններն ու տարբերությունները վերհանելու նպատակ է հետապնդել: Գիտնականները պարզել են, որ երկարամյա ընկերությունը գեների մեկ տոկոսի նմանություն է ենթադրում: Նույնպիսի նմանություն կարող է, օրինակ, հորեղբոր տղաների կամ ուղիղ գծով 5-րդ սերնդի ներկայացուցչի եւ նրա նախապապի միջեւ լինել:

Ոմանք կարող են ասել, թե մեկ տոկոսն այնքան էլ շատ չէ: Բայց եթե հաշվի առնելու լինենք, թե որքան մեծ չափեր ունի մարդու գենոմը, կարելի է նկատել, որ նմանությունները նշանակալի են: Ինչեւէ, հետազոտության շրջանակում հետաքրքրական են ոչ այնքան նմանությունների, որքան՝ տարբերությունների վերաբերյալ բացահայտումները:  Հենց դրանց շնորհիվ է, որ, գիտնականների պնդմամբ, կարելի է երկու անծանոթների՝ հետագայում ընկերներ դառնալու հավանականությունը չափել: Ընդ դրում՝ գրեթե նույնպիսի ճշտությամբ, ինչպես շիզոֆրենիայի կամ գերքաշության առաջացումը կարելի է կանխատեսել:

Ասել է թե՝ որքան մեծ են երկու անծանոթների միջեւ գենետիկ տարբերությունները, այնքան փոքր է նրանց՝ ընկերներ դառնալու հավանականությունը: Սակայն այս փոխկապակցվածությունը եւս իր սահմանափակումներն ունի: Նախքան գեները կորոշեն հեռու կամ մոտիկ պահել այս կամ այն մարդուն՝ աշխարհագրական դիրքը կարող է առաջ անցնել եւ արհեստական ճանապարհով ընդհանրություններ ստեղծել՝ ընկերների միջեւ: Հատկապես ուսանողական տարիներին հաստատված ընկերությունը համատեղ հետաքրքրությունների մեծ շրջանակ է ենթադրում:

Այդուհանդերձ, վերը հիշատակված բացառությունը ոչ թե նվազեցնում, այլ՝ մեկ անգամ եւս ընդգծում է հետազոտության արդյունքների կարեւորությունն առ այն, որ մարդու օրգանիզմը ընկերներ ընտրելու էվոլյուցիոն հատկություն ունի: Հետաքրքրական է, որ ընկերների միջեւ նմանությունները հատկապես հոտառության զգացումը փոխանցող գեներին են առնչվում: Փաստորեն՝ պատմությունը չի փոխվում. մարդու գեները հազարամյակների ընթացքում ապահով միջավայր ստեղծելու որակ են ձեռք բերել: Եթե մի քանի հազարամյակ առաջ հոտառությունը մարդուն տարատեսակ վտանգներից պաշտպանելու միջոց էր ծառայում, ապա հիմա էլ ապահով ընկերություն հաստատելու նպատակով է օգնության գալիս: