Ավելորդ քաշը եւ ճարպակալումը նպաստում են գրիպի վարակունակությանը, պարզել են Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի գիտնականները: Իրենց եզրակացությունները նրանք հրապարակել են American Society for Microbiology ամսագրում:
Ավելի վաղ արված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ավելորդ քաշ ունեցող մարդիկ վիրուսի ավելի շատ մասնիկներ են ներշնչում, ընդ որում, օդում այդ վիրուսների կենսունակությունն ավելի երկար է պահպանվում: Մկների վրա կատարված փորձարկումները ցույց են տվել, որ գրիպի վիրուսը ներթափանցում է թոքերի մեջ եւ ավելի երկար է դրանցում մնում, եթե կենդանու մոտ ճարպակալում կա:
Ուսումնասիրության հեղինակ պրոֆեսոր Ստեյսի Շուլց-Չերիի խոսքով` ճարպակալման միկրո միջավայրը թույլ է տալիս գրիպի վիրուսին ավելի արագ փոփոխվել, ինչը եւ բացատրում է գրիպի դեմ պատվաստանյութի տարեկան թարմացման անհրաժեշտությունը:
Փորձարկման շրջանակներում գիտնականները գրիպով են վարակվել նորմալ քաշով եւ ճարպակալմամբ մկներին: Վիրուսի զարգացումից հետո գիտնականներն իրականացրել են դրա փոխանցումը կենդանիների միջեւ` արհեստականորեն համաճարակ ստեղծելով:
Պարզվել է, որ ճարպակալմամբ մկների միջեւ վիրուսի փոխանցման ժամանակ այն փոփոխվել է: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ օրգանիզմի արձագանքը վիրուսին ավելի դանդաղ է եղել ավելորդ քաշով մկների մոտ, ինչը վիրուսին թույլ է տվել ավելի արագ զարգանալ:






