COVID-19 կորոնավիրուսային վարակով հիվանդների համար ճարպակալումն ավելի վտանգավոր գործոն է, քան քաղցկեղը։ Այսպիսի եզրահանգման են եկել Նյու Յորքի համալսարանին կից Գրոսմանի անվան բժշկական դպրոցի հետազոտողները։ Ավելի քան 8000 պացիենտների մասնակցությամբ նրանց հետազոտությունը հրապարակվել է MedRxiv կայքում։

Գիտնականները ուշադրություն են դարձրել, որ կորոնավիրուսով հոսպիտալացված պացիենտների համարյա կեսը (46%) 65-ից բարձր տարիք է ունեցել։ Բացի այդ, առավել հաճախ հոսպիտալացրել են կորոնավիրուսով վարակված ճարպակալման ծանր տեսակով մարդկանց։

Հետազոտության արդյունքների համաձայն, նույնիսկ 60-ից ցածր տարիքի մարդիկ 2 անգամ ավելի հաճախ են հոսպիտալացման կարիք ունեցել, եթե նրանց մոտ ճարպակալում է եղել՝ օրգանիզմում ճարպի ավելցուկի պատճառով նրանց իմունային համակարգը չի կարող արդյունավետ պայքարել վիրուսի դեմ։

Գիտնականների խոսքերով՝ ԱՄՆ-ում ճարպակալման խնդիրը կարող է նպաստել COVID-19-ի տարածմանը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը այսօր աշխարհում առաջին տեղում է ինչպես կորոնավիրուսով վարակվածների, այնպես էլ դրանից մահացածների թվով։